«Հիմնադիր խորհրդարան»-ն այսօրվանից սկսում է քաղաքացիների հետ պայմանագիր ստորագրել, որն ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի պատգամավոր Հասմիկ Էվոյանի, իրենց լեգիտիմություն կտա՝ իշխանափոխությունից հետո կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնելու համար: Էվոյանն ասաց, որ, իրենց կանխատեսումներով, ստորագրահավաքին կմասնակցի 400-ից 500 հազար քաղաքացի:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պայմանագրի միջոցով իրենց վստահությունն են տալու «Հիմնադիր խորհրդարան»-ին, որը կներկայացնի ժողովրդին անցումային կառավարման շրջանում։ Անցումային կառավարումը կլինի ռեժիմին հեռացնելուց հետո և մինչև նոր ընտրությունների կազմակերպումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էվոյանը։
Գործող իշխանությանը հեռացնելու խաղաղ գործընթացը «Հիմնադիր խորհրդարան»-ը սկսելու է ապրիլի 24-ից: Նախաձեռնության անդամն ասում է, որ իրենք էլ կմիանան Ծիծեռնակաբերդ գնացող քաղաքացիներին, որից հետո կհավաքվեն Հանրապետության հրապարակում ու անհնազանդության միջոցառումների շարքը կհամարեն մեկնարկած:
«Այդ օրը խաղաղ միջոցառումներ են լինելու, որևէ կերպ մենք չենք խանգարելու այն գործընթացին, որ նախատեսված է ապրիլի 24-ի համար, մյուս կողմից քաղաքացիական անհնազանդության տարբեր ձևերով, մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանը վերջերս կոչ արեց ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված տուգանքները չվճարել, դա որպես քաղաքացիական անհնազանդության առաջին քայլ, հաջորդ քայլերի մասին առաջիկայում մենք կտեղեկացնենք», - ասաց Էվոյանը։