Չնայած Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարությունների պայմանավորվածությանը, վրացի սահմանապահները թույլ չեն տվել անցկացնել հայոց լեզվի և պատմության դասագրքերը:
«Արդյունքում քանի ամիս է՝ 25 աշակերտ ընդամենը 4 դասագրքով է սովորում», - ասում է դպրոցներից մեկի ուսուցչուհի Սուսաննա Գալստյանը։ - «Մյուս տարի էլ չորս դասագրքից կմնա երկուսը, մյուս տարի էլ չենք ունենա ընդհանրապես»։
Սփյուռքի նախարարությունը դեռ բանակցում է Վրաստանի իշխանությունների հետ։ Մերձավոր սփյուռքի հետ կապերի վաչության պետ Տարոն Շագոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վրացական կողմից պատճառաբանել են, թե նախորդ տարի ադրբեջանական պատմության դասագրքերում սխալ է հայտնաբերվել, և հիմա իրենք հայկական գրքերը ներս չեն թողում՝ նմանօրինակ սխալներից խուսափելու համար։
«Իրանք պահանջել են գրքերի ցուցակն ամբողջությամբ, գրքերի նմուշները, մենք տվել ենք իրանց, ասել են կնայենք, պատասխանը կուղարկենք։ Պատասխանը դեռևս չեն ուղարկել», - փոխանցեց Շագոյանը։
Կառավարության ուղարկած հազարավոր դասարգքերից բացի սահմանին են մնում նաև շարքային ջավախահայերի հայալեզու գրքերը, քարտեզներն և անգամ հայատառ օրացույցները։ Պաշտոնական արգելք չկա, բայց հենց սահմանին հայերեն նյութերն առանց պատճառաբանության առգրավվում են։
Ջավախքի հասարակական գործիչ, «Վիրք» չգրանցված կուսակցության համահիմնադիր Դավիթ Ռստակյանը պատմում է, որ այսպիսի մի արգելքի նաև իրենք են հանդիպել․ - «Հայ ասպետին գնացինք Հայաստան, գրքերը բերեցինք, որ երեխաները պարապեն, կատարելագործվեն, գնան էդտեղ մասնակցեն, Արցախից են բերում, տարբեր տեղերից գալիս են։ Էդ գրքերով հանդերձ գալիս ենք Ջավախք։ Եկանք սահմանը պիտի հատենք, սրանք չեն թողնում գրքերը։ Ստիպված եղանք, որպեսզի վեճ չլինի, գիրքը տանում ենք հետ Հայաստանի Հանրապետության սահման, էնտեղ թողում, նորից գալիս ենք Ջավախք։ Էդ սովորական բանը չէին թողնում»։
Ջավախքի հասարակական կազմակեպությունների խորհրդի անդամ Մելս Թորոսյանը նշում է, որ այս հարցով իրենք մի քանի անգամ դիմել են Վրաստանի իշխանություններին:
«Ընդունել են, որ խնդիր կա, սակայն, որևէ քայլ չեն ձեռնարկել», - ասում է ջավախահայը՝ դժգոհելով, որ նույնիսկ Թումանյանի գրքերը չենք կարողանում սահմանով անցկացնել․ - «Իրենք կասկածում են, որ Հայաստանում կան ուժեր, որոնք ուզում են անջատողական քաղաքականություն վարել Վրաստանում և էդ գրականության միջոցով են վարելու: Բայց դու օրվա թերթ կամ դասագիրք ես բերում, որ էլի չեն թողնում։ Թոռներս ամառվա ամիսներին գալու են Ջավախքում անցկացնեն իրենց արձակուրդը։ Դասագրքերը ուզում են հետները բերել, բայց չեն կարողնաում անցկացնել»։
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը ասում է, որ դասագրքերի ու մյուս գրքերի բովանդակությունը կարելի է գտնել նաև համացանցում, մինչդեռ այս արգելքն անհիմն լարվածություն է առաջացնում։
«Երբ մենք խոսում ենք կենտրոնական իշխանության հետ, ասում են՝ դու ճիշտ ես, ինչու տենց բան կա անցակետերի մոտ: Բայց ոնց բացատրեմ, կան երևի առանձին անձեր, որոնք ուզում են ցուցադրել լոժնի պատրեատիզմ, որ ասեմ՝ տեսեք Վրաստանը ոնց եմ պաշտպանում, չեմ թողում, որ հայկական որևէ գիրք ներմուծվի։ Կան տենց մարդիկ, որոնք էսօրվա դրությամբ ոչ թե օգուտ են բերում Վրաստանին, այլ վնաս են բերում, իրանք Վրաստանի հեղինակության հետ են խաղում», - հավելեց նա։
Ջավախահայերը այս հարցում նաև Հայաստանի իշխանություններից են աջակցություն ակնկալում։ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Տարոն Շագոյանի խոսքով, հայկական կողմը շարունակում է բանակցությունները, այդ թվում՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան հետ, առայժմ, սակայն, անարդյունք․ - «Աբսուրդ ա ուղղակի, բայց որ իրանք կանոններ են խաղի մշակել իրանց համար՝ մտածելով Ջավախքը որպես հայերով բնակեցված շրջան, խնդիրներ չառաջանա իրենց պետության անվտանգության առումով։ Դեսպանատան հետ փորձում ենք, դեռ փորձում ենք ինչ-որ ձևով կարգավորել էդ հարցը, բայց դեռևս հաջողոթյան չենք հասել»։