Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը «միասնական են» Իրանի հարցում

Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները վերահաստատել են Իրանի հետ բանակցություններում իրենց դիրքորոշումների միասնականությունը, նշելով, որ Իսլամական Հանրապետությունը հարկադրված է եղել «դժվարին որոշումներ կայացնել»:

Արևմտյան առաջատար տերությունները ներկայացնող դիվանագետները հանդիպել են մարտի 21-ին՝ Լոնդոնում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում արձանագրված առաջընթացը քննարկելու նպատակով:

«Մենք համակարծիք ենք, որ կարևորագույն հարցերում նշանակալի առաջընթաց է արձանագրվել, թեև դեռևս կան կետեր, որոնց հարցում առայժմ հնարավոր չի եղել համաձայնություն ձեռք բերել», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:

Իրանի և աշխարհի 6 առաջատար պետությունների ներկայացուցիչներ անցած շաբաթ բանակցություններ անցկացրեցին Շվեյցարիայում, փորձելով համաձայնության հասնել Թեհրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները թեթևացնելու շուրջ:

Կողմերը նախատեսում են շրջանակային համաձայնագիր կնքել մինչև մարտի 31-ը, իսկ վերջնական պայմանագրի ստորագրումը նախատեսվում է հունիսի 30-ին:

Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, սակայն Արևմտյան տերությունները կասկածներ ունեն, որ իրականում Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել: