Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգել է 2013 և 2014 թվականներին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի նախահաշիվներով նախատեսված 13.7 միլիոն պարգևավճարների հասցեականությունը:
Կառավարման խորհրդի որոշմամբ այդ պարգևավճարներին արժանացել էին դպրոցի 235 աշխատակիցներ:
Հիշեցնենք Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը կասկած էր հայտնել, որ դպրոցի տնօրինությունը 13.7 միլիոն դրամը իսկապես հատկացրել է պարգևավճարներին:
Քաղաքապետարանի իրականացրած ստուգմանը մասնակցել է նաև Անահիտ Բախշյանը, ով հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ստուգման արդյունքում իր կասկածները ցրվել են:
«Ինչպես նշել էի փետրվարի 26-ի ասուլիսում, 2014թ. պարգևատրված անձանց ցուցակում բացակայում էր 42-րդը, 5 անուն ազգանուն` 2013-2014 թ.թ. տարիֆիկացիայում: Ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ գործավարը պարգևատրվածների ցուցակն արտատպելիս 42-րդ համարին բաց է թողել, ուսուցչուհիներից մեկն ամուսնացել և ազգանունը տարիֆիկացիայում փոխվել է, իսկ պարգևատրվածների ցուցակում` ոչ, մնացած 4 պարգևատրվածները փոխարինող ուսուցիչներ էին, այդ պատճառով տարիֆիկացիայում ներառված չեն անունները, այնինչ լավ կլիներ, որ ինչպես որոշ դպրոցների տարիֆիկացիաներում է նշվում, այստեղ էլ ֆիզարձակուրդում գտնվողների անունների դիմաց նշվեր»:
«Իսկ ինչպես է եղել, որ նույն հրամանով, նույն օրը ջոկատավարի մեկ հաստիքի վրա տնօրենն ընդունել է երկու հոգի, հրամաններից պարզվեց, որ իրականում նրանք տարբեր ժամանակ են հրամանագրվել, ուղղակի տարիֆիկացիան արտագրելիս գործավարը երկու տարբեր անձանց դիմաց նույն հրամանն է գրել»:
«Ուսումնասիրության ընթացքում պարգևատրումների հասցեականությունը ստուգվել է մանրամասնորեն, հաշվապահի կողմից ներկայացվել են բանկային փոխանցումների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և խախտումներ չեն արձանագրվել»:
«Այսպիսով, չնայած իմ հրապարակած կասկածներին, Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թ.11 հիմնական դպրոցում իրականացված ուսումնասիրությունը ոչ միայն ցրեց այդ կասկածներն այլ ընդհակառակը, համոզվեցի նրանում, որ չնայած վերոնշյալ որոշ թերացումների, դպրոցում տնօրենի կողմից հսկայական աշխատանք է տարվում կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ, սակայն զարմանալի է, որ դպրոցների վարկանիշավորման ցանկում այն 120-րդ տեղում է», - մասնավորապես գրում է «Բարև Երևան»-ի ղեկավարը: