Վերջին տարիներին անտառների վերականգնման համար Կառավարությունը միջոցներ չի տրամադրել

Թեղուտի անտառը Լոռու մարզում, արխիվ

Տարիներ առաջ անտառվերականգման և անտառապատման համար պետբյուջեից տարեկան հատկացվում էր միջինը 100 միլիոն դրամ։

Բնապահպանները շարունակում են ահազանգել, որ Կառավարությունը միջոցներ չի տրամադրում նոսրացած անտառները վերականգնելու և նորերը տնկելու համար։ Վերջին մի քանի տարում այս նպատակով որևէ լումա չի տրամադրվել։

«Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի տվյալներով, 90-ականների անտառը հետ բերելու համար տասնյակ տարիներ են հարկավոր։Ըստ Մաթևոսյանի, երբեմնի կանաչ տարածքները վերականգնելու համար անհրաժեշտ է ամեն տարի վերականգնել 700 հեկտար անտառ և նույնքան էլ տնկել։ Դրա համար կպահանջվի տարեկան 1.5 միլիարդ դրամ։ Կառավարության փոխարեն այժմ այս հարցը լուծում են միայն միջազգային կազմակերպությունների միջոցներով։

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանն էլ նշում է, թե անտառից ոչինչ չի մնացել․ բիզնեսի համար այն այլևս պետք չէ, հետևաբար և մատնվել է անուշադրության:

«Պրոբլեմը ոչ միայն կտրելու մեջ է, այլ չվերականգնելու։ «Հայանտառ»-ը ունի ընդամենը 1200 աշխատող, ընդ որում՝ դրա մեջ մտնում է և կենտրոնական գրասենյակը, և տեղերում՝ 19 անտառտնտեսությունների աշխատակիցները: Մարդկային և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ։ Անցել է անտառի ժամանակը, մենք էլ էդ որակի անտառը չունենք, հիմա պետք է ներդրում, որ անտառը վերականգնվի: Հիմա էլ էդ ցանկությունը չկա», - նշեցՍայադյանը:

Փորձագետները փաստում են՝ անտառահատման հետևանքով ոչ միայն օդն է աղտոտվել, այլև սողանքային գոտիներն են ավելացել։ Եթե առաջիկա տարիներին Կառավարությունը անհապաաղ միջոցներ չձեռնարկի, Տավուշի, Լոռու մարզերում փլուզումների վտանգն էլ ավելի կմեծանա:

«Էկոլոգիական աղետներն արդեն ակնհայտ են՝ դուք որ տեսնում եք սողանքները, սելավները, ցեխահոսքերը այդ բոլորը սխալ անտառկառավարման հետևանք է», - ընդգծեց աշխարհագրական գիտությունների դոկտորը:

Բնապահպան Լևոն Գալստյանի կարծիքով, Կառավարությունում չեն գիտակցում կանաչ տարածքների կարևորությունը, հատկապես տարեցտարի ընդլայնվող հանքարդյունաբերության պայմաններում։

«Եթե այս տեմպերով հանքարդյունաբերությունը շարունակվի, մենք մի 30 տարի հետո կունենանք 50-80 մետաղական հանքավայրեր իր թափոնակույտերով, պոչամբարներով, որը լցված կլինի ամբողջ Հայաստանի տարածքում։ Մենակ Թեղուտի օրինակը բավարար է, որ հասկանանք, որ իրենց համար անտառը ոչ արժեք է ոչ էլ», - ընդգծեց բնապահպանը։

Այս խնդրին զուգահեռ, իրավիճակն էլ ավելի են սրում ապօրինի անտառահատումները, որոնց ծավալները անցած տարիների համեմատ նվազել են, բայց դեռ գոհացնող չեն։

Տարբեր տվյալներով, 1990-ականներից հետո հատվել է 50 հազար հեկտար անտառ։

«Գյուղացին չի կտրում անտառը, կտրողների հետևում հաստատ հովանավորողներ կան», - բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքները համադրելով՝ պնդում է բնապահպանն՝ ընդգծելով, որ այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում Հայաստանում կավելանան էկոլոգիական ու առողջապահական խնդիրները։