ՀԷՑ-ից չեն հերքում էլցանցերը «Տաշիր գրուպ»-ին վաճառելու մասին լուրերը

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի էլցանցերի սեփականատեր «ԻնտեռՌաո» ընկերությունից փոխանցեցին, որ չեն մեկնաբանում ոչ այդ, ոչ էլ այլ թեմաների մասին շրջանառվող լուրերը։

Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր «ԻնտեռՌաո» ընկերությունից «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ խոշոր պարտքերի պատճառով ռուսական ընկերությունը պատրաստվում է էլցանցերը վաճառել «Տաշիր գրուպ» ընկերությանը, որի սեփականատերը գործարար Սամվել Կարապետյանն է։

«ԻնտերՌաո»-ի մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովն «Ազատության»-ը պատասխանեց, որ չեն մեկնաբանում ոչ այդ, ոչ էլ այլ թեմաների մասին շրջանառվող լուրերը։

«Տաշիր գրուպ»-ից ևս պատասխանեցին, որ չեն մեկնաբանում ՀԷՑ-ը գնելու մասին լուրը։

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ևս պնդում է, որ տեղյակ չէ ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի մասին։

«Եթե ինչ-որ մի բան վաճառվեր, կիմանայինք: Այսինքն, որևէ ընկերություն եթե իր բաժնետոմսերը վաճառում է՝ հրապարակային է անում, կամ ոչ հրապարակային, դրանից բոլորս տեղեկանում ենք», - ասաց Ճշմարիտյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ևս «Ազատության»-ը ասացին, որ տեղեկություն չունեն և չեն պատրաստվում մեկնաբանել ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրը, իսկ սակագնի հնարավոր փոփոխության վերաբերյալ հարցին պատասխանեցին, որ նման դեպքում հանրությունը կիրազեկվի։

Էլցանցերի վնասների պատճառով անցած հուլիսին հանձնաժողովը 10 տոկոսով ավելացրել էր էլեկտրաէներգիայի սակագինը։ Այս պահին ընկերության պարտքը հոսանք արտադրող կայաններին կազմում է մոտ 13 միլիարդ դրամ։ Էլեկտրական ցանցերի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը պարզաբանեց, թե ինչպես է այն գոյացել։

«Ընկերության ֆինանսական պարտավորությունները կախված են էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայանների, վճարման ծավալների, սակագնի հաշվարկի հիմքում պլանավորված շեշտակի ավելացման ու դրա արդյունքում ընկերության շահույթի ու իրացվելիության մակարդակի կտրուկ նվազման հետ», - ասաց Սարջանյանը:

Հիշեցնենք, որ դեռ տարեսկզբին Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի էլեկտրական ցանցերի պարտավորությունները բանկերի նկատմամբ գերազանցում են 220 միլիոն դոլարը, իսկ պետական ընկերությունների առևտրային բանկերից ներգրաված վարկերը կազմում են 10.8 միլիարդ դրամ: Բացի այդ, պաշտոնյան տեղեկացրել էր, որ ատոմակայանի լրացուցիչ կանգառի, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցերում» առաջացել է շուրջ 27.6 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, մինչդեռ, ՀԷՑ-ի ներկա ֆինանսական վիճակը պայմանավորում է այլ գործոններով՝ սեփականատիրոջ անարդյունավետ կառավարումից մինչև պարզապես հոսանքի գողություն։

«Կորուստները սարսափելի մեծ են՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով էլ կորուստները մեծ են: Մենք բոլորս հասկանում ենք, որ դա գողություն է՝ տեղերում, մի քիչ ավելի վերև, կամ ներքև: Էլեկտրաէներգիան տալիս են և ստացված վարձը ոչ թե վճարում են ընկերության բյուջե, այլ դնում են գրպանները: Նման արտոնություններ ունեցող ինչ-որ մարդիկ կան էներգահամակարգում», - ընդգծեց Գևորգյանը:

Առաջացած խնդիրները լուծելու համար տնտեսագետը սակագնի բարձրացումից բացի այլ լուծում չի տեսնում։ Մինչև հնարավոր թանկացումը, արդեն խնդիրների առջև են կանգնել նաև նոր սպառողները, որոնք ցանկանում են ցանցին միանալու պայմանագիր կնքել ընկերության հետ։ Էլցանցի մամուլի խոսնակը հիշեցրեց, որՀԷՑ-ում տիրող ֆինանսական վիճակի պատճառով ընկերությունը խնդրել է մինչև ապրիլի 1-ը հետաձգել ընկերության այս տարվա ներդրումային ծրագրի հաստատումը։

«Ներդրումային ծրագրի մեջ բնականաբար մտնում է նաև նոր սպառողներին ցանցին միացումը», - փոխանցեց ՀԷՑ մամուլի քարտուղարը: