Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը: Նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի կողմից ընդունված եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում 20-րդ դարի այդ մեծ ոճրագործությունը դատապարտող դրույթները:
«Նախագահն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը եվրոպական կառույցների կողմից այս ամսվա ընթացքում ընդունված թվով 4-րդ կարևոր ուղերձն էր Թուրքիային առ այն, որ եվրոպական ընտանիքը ոչ միայն չի մոռանում 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, այլև միակարծիք է վերջինիս ճանաչման և դատապարտման հարցում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ԼՂ հակամարտության հարցում եվրոպացի խորհրդարանականների անկողմնակալ վերաբերմունքը»,- ասված է հաղորդագրությունում։
Հանձնաժողովի անդամներին ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԱԳՆ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ: