Հայաստանը 500 միլիոն դոլարի պարտատոմսեր է թողարկել

Հայաստանը երեկ թողարկել է 500 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով և 7.5 տոկոս եկամտաբերությամբ։ Սա, ըստ էության, երբևէ ձեռք բերած ամենաթանկ վարկն է։

Տարեսկզբին կառավարությունը հայտարարել էր, թե պարտատոմսերը թողարկում է այս տարվա պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար։ Տնտեսագետ Արա Գալոյանը, սակայն, փաստում է, որ թողարկված պարտատոմսերի ծավալն ավելին է, քան բյուջեի պակասուրդը։

«Բյուջեի պակասուրդը 410 դրամ 1 դոլարին համարժեքով մոտավորապես կազմում է 280-284 միլիոն դոլար, այնինչ տեղաբաշխումը 500 միլիոն դոլար է։ Պարզ է չէ, թե մնացած գումարն ինչի համար է, որովհետև 7.5 տոկոսը բավականին բարձր է։ Տարիներ առաջ, երբ առաջին անգամ կիսապաշտոնական խոսվում էր եվրոբոնդերի մասին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պնդում էր, որ դրանք թանկ փողեր են, մեզ ավելի էժան պարտք տվողներ կան, հետևաբար մենք այդ թեմային չենք անդրադառնա»,- ասաց Գալոյանը։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ իր հերթին հիշեցնում է կառավարության հայտարարությունը, որ բյուջեի պակասուրդի մոտ 11 միլիարդ դրամն է ֆինանսավորվելու արտաքին աղբյուրների հաշվին, մնացած 103 միլիարդը գործադիրը նախատեսել էր փակել ներքին միջոցներով։

«Կոնկրետ այս պարագայում գուցե դա դիտարկվում է որպես ներքին ռեսուրս, բայց ես սա չեմ կարող համարել ներքին ռեսուրս, որովհետև արտաքին միջոցների հաշվին մենք պարտատոմս ենք թողարկում, պարտատոմսը մերն է, բայց միևնույն է դա արտաքին միջոցների հաշվին պարտքի ֆինանսավորում է։ Այսինքն մեր բյուջեի դեֆիցիտը մեր՝ հայկական պետական կարճաժամկետ պարտատոմսերի միջոցով չենք կարողանում ֆինանսավորել։ Սա է խնդիրը։ Հետևաբար թեկուզ արտաքին և ներքին դասակարգում գոյություն ունի, այնուամենայնիվ, ներգրավված դոլարային միջոցները արտաքին են»,- պարզաբանեց Խաչատրյանը։

Կառավարությունը առայժմ չի պարզաբանում, թե բյուջեի պակասորդը լրացնելուց բացի պարտք վերցրած միլիոնավոր դոլարները ինչպես է ծախսելու։ Ամերիկյան «Wall Street Journal»-ի տնտեսական մեկնաբանն իր բլոգում գրել էր, թե ամենայն հավանականությամբ, Հայաստանը ետ կգնի երկու տարի առաջ թողարկված պարտատոմսերի մի մասը՝ 200 միլիոն դոլար ծավալով։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը սա սխալ մոտեցում է համարում.- «Եթե նախկին պարտատոմսի եկամտաբերությունը 6 տոկոս էր, իսկ այժմ ներգրավվողը՝ 7.5 տոկոս, ինչո՞ւ մարել նման պարտատոմսի գումարը։ Ավելի լա՞վ չէ ներգրավել 300 միլիոն և չմարել այդ պարտատոմսերը 200 միլիոնի շրջանակներում։ Եթե նման քայլ են անում, ես դա ճիշտ համարել չեմ կարող։ Իսկ եթե այդ գումարները կտեղաբաշխվեն Կենտրոնական բանկի պահուստներում և պահուստները կավելանան, որովհետև ԿԲ այս հատվածում բավականին շատ ինտերվենցիաներ է արել դոլարի կուրսը կայուն մակարդակի վրա պահելու համար»,- ասաց Խաչատրյանը։

Կառավարությունը պնդում է, որ «միջազգային ֆինանսական շուկաներում ներկայում ձևավորվել է բարենպաստ միջավայր արտարժույթով պարտատոմսերի տեղաբաշխման համար»։ Մյուս կողմից, հեղինակավոր վարկանիշային գործակալությունները տարեսկզբից իջեցնում են Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը։ Moody's գործակալությունն, օրինակ, Հայաստանի պետական պարտատոմսերի հեռանկարները «կայունից» վերաորակավորել էր «բացասականի»՝ հիմնական պատճառների թվում նշելով Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների ծավալի նվազումը, Ռուսաստանի տնտեսության անկմամբ պայմանավորված՝ Հայաստանի տնտեսության թուլացումն ու ներդրումների մակարդակի անկումը։

Արտաքին պարտքի սպասարկման առումով թեև խնդիրներ մինչև օրս չեն եղել, այդուհանդերձ պարտքի ավելացումն իսկապես մտահոգիչ է, ասում է տնտեսագետ Արա Գալոյանը.- «Ես կարծում եմ, որ հասարակությունը պիտի անընդհատ հետաքրքրվի այս թեմայով՝ հնարավորություն չտալով, որ անկառավարելի գործընթացներ տանեն, պարտքի ծավալի աճը իսկապես մտահոգիչ է»։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դեմ է պարտքն ավելացնելուն, այդ բեռը մնում է սերունդների ուսերին, մտահոգություն է հայտնում տնտեսագետը։

«Ինչպես ցույց են տալիս կենսաթոշակային բարեփոխումները, ապագա սերունդն ավելի վատ է ապրելու, քան ապրել է նախորդը։ Սերունդների համերաշխության սկզբունքը խախտվում է, իսկ պարտք ներգրավելը սերունդների համերաշխության սկզբունքի խախտման պարագայում, նշանակում է, որ ապագա սերունդը ունենալու է շատ ավելի ծանր պարտքի բեռ, որը ստիպված է լինելու սպասարկել։ Եթե սրան գումարենք նաև արտագաղթի տեմպերը, սա նշանակում է մեկ շնչի հաշվով պարտքի տեմպերը յուրաքանչուր արտագաղթողի հետ մեծանում է»,- ասաց տնտեսագետը։

Հայաստանն առաջին անգամ եվրապարտատոմսեր թողարկեց 2013 թվականին։ Այն ժամանակ 700 միլիոն դոլարի պարտատոմսերը թողարկվել էին 7 տարի մարման ժամկետով, տարեկան 6.25 տոկոսով, որով կառավարությունը ժամկետից շուտ մարեց Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարի վարկը։