Կա՞ն արդյոք օբյեկտիվ փաստարկներ, որ թույլ են տալիս Հայաստանը համարել ժողովրդավար երկիր, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս հարցադրմամբ սկսեց իր ելույթը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում։
Փաշինյանը հայտարարեց՝ անկախությունից ի վեր բոլոր ընտրություններում առանց բացառության հաղթող է ճանաչվել իշխանությունը, բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ վարչական և քրեական հետապնդումներ են իրականացվում, Հայաստանի բանտերում քաղբանտարկյալներ են պահվում, մարտի 1-ի ոճրագործությունը մինչ օրս բացահայտված չէ, իշխանափոխության մասին հայտարարող ուժերի վրա էլ իշխանությունը գրոհ է կազմակերպում։
«ՀՀԿ խորհրդի նիստում՝ Սերժ Սարգսյանը օրենսդիր, գործադիր իշխանությանը, հարկային և իրավապահ համակարգին ուղիղ հրահանգ տվեց գրոհ սկսել իր երբեմն կոալիցիոն գործընկեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, ով հրապարակային հայտարարել էր իշխանափոխություն իրականացնելու իր մտադրության մասին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ցավով արձանագրելով՝ Հայաստանը ժողովրդավար պետություն չէ։
«Հայաստանը կլինի ժողովրդավարական պետություն, երբ ընդդիմությունը ընտրություններով կարողանա հասնել իշխանության, երբ քաղաքական հակառակորդներին չհետապնդեն, երբ երկրում չլինեն քաղբանտարկյալներ և երբ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների հեղինակները բացահայտվեն և պատժվեն։ Հենց սրանք են այն հիմնական խնդիրները, որ իր առաջ այսօր դնում է Հայաստանի ընդդիմությունը։ Հայաստանի ընդդիմության դե յուրե հաղթանակը ընտրություններում կլինի առաջին, բայց ոչ բավարար քայլը Հայաստանում ժողովրդավարության հաստատման ճանապարհին։ Վերջնական ժողովրդավարություն հաստատելու համար հարկավոր կլինի, որ իշխանության հասած ընդդիմությունը ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով հեռանա իշխանությունից»,- հայտարարեց Փաշինյանը։
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հանրապետական կուսակցությունից Սամվել Ֆարմանյանն առարկեց, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան.- «Դա, բարեբախտաբար, դեռ միայն պարոն Փաշինյանի և էլ մի խումբ քաղաքացիների կարծիքն է»։
Ֆարմանյանին պատասխանեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամ Թոմաս Մեսերիչը՝ խորհուրդ տալով ուշադրություն դարձնել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցներին։
«Ինչ վերաբերում է քաղաքական բանտարկյալներին, իհարկե, բարդ հարց է, ինչպես քաղաքական, այնպես էլ հենց երևույթը բնորոշելու առումով։ Այնուամենայնիվ, Amnesty International-ը,որը իմ կարծիքով քաղբանտարկյալի առավել հիմնավոր բնորոշումն է տալիս, թերևս Ձեզ հետ չէր համաձայնի այն առումով, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ: Պարզապես պետք է նայել, թե ինչպես և ինչու է Amnesty International-ը հանգել այդ եզրակացության»,- ասաց Մեսերիչը։
«Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս կմեկնաբանի այսօր Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած խնդիրները և արդյոք ինչպե՞ս են պատրաստվում դրանց արձագանքել, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը պատասխանեց, որ այս օրերին այդ խնդիրների մասին լսել է տարբեր աղբյուրներից՝ թե քաղաքացիական հասարակության, թե պատգամավորների շուրթերից։ Քերիմը նշեց, որ տպավորված է բանավեճի այն բաց և ազատ մթնոլորտով, որ տեսել է վերջին օրերի ընթացքում Երևանում:
«Կարծում եմ՝ դա շատ առողջ նշան է, որ ազատ բանավեճի այդ մակարդակն առկա է Հայաստանում, սակայն ես մի մտահոգություն եմ ինձ հետ տանում, և լիովին անկեղծ եմ այժմ՝ իհարկե, Հայաստանի որոշելիք հարցն է, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն ինչպես կդրսևորի, սակայն մտավախություն ունեմ, որ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակի ձևով զարգանան, արդյոք ես կտեսնե՞մ նույն կարգի բաց և ազատ խոսք ապագայում Հայաստանում»,- ասաց Քերիմը։
Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ համատեղ նիստում ներկայացվեց նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակը, հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձ եղավ:
Աղվան վարդանյանը նշեց՝ Թուրքիան մինչ օրս չի ճանաչում ցեղասպանությունը, տարածաշրջանային շրջափակման և մեկուսացման մեջ է պահում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի հարցն էլ սահմանը բացելու նախապայման է դարձնում: Համանախագահ Սաջաթ Քարիմի դիտարկմանը, թե ժամանակին թուրքական կողմից կարծիք է հնչել, որ որպես բարի կամքի դրսևորում՝ Հայաստանը կարող էր Ղարաբաղի հարակից որոշ տարածքներ զիջել Ադրբեջանին, դաշնակցական Աղվան Վարդանյանը պատասխանեց՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող կապ ունենալ Ղարաբաղի հարցի հետ, բացի այդ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը բացառում է զիջումները։
«Զիջել որևէ շրջան նշանակում է այդ հարձակումները, այդ դիվերսիաները ավելի մոտեցնել Լեռնային Ղարաբաղին»,- ասաց Վարդանյանը։