Բուժաշխատողները շարունակում են մայրերին հորդորել կաթնախառնուրդներ օգտագործել

Չնայած նորածինների արհեստական սնուցումը գովազդողների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող օրենքին, հիվանդանոցներում շարունակում են մայրերին հորդորել կաթնախառնուրդներ օգտագործել:

Թեև նորածինների արհեստական սնուցումը գովազդողների և խրախուսողների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող օրենքը այս ամսվա սկզբից ուժի մեջ է մտել, ծննդատների մեծ մասում բուժաշխատողները շարունակում են մայրերին տարբեր միջոցներով պարտադրել ու համոզել, որպեսզի երեխային կերակրեն ոչ թե կրծքի կաթով, այլ արհեստական կաթնախառնուրդներով, ասում է «Վստահություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ,մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը: Ավելին նրա խոսքով, երբևէ վիճակը ավելի վատ չի եղել:

«Կարող եք նաև որոշակի հարցազրույց ունենալ թեկուզ որևէ պոլիկլինիկայում նոր ծննդաբերած կանանց հետ և դուք ինքներդ կհամոզվեք, որ շատ ծննդատներում խրախուսվում է արհեստական սնուցումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց

Հարությունյանը:

Մայրերից մեկը «Ազատության»-ը պատմեց, թե ինչպես են ծննդատանը իրեն ու իր հարազատներին նախազգուշացրել, թե եթե արհեստական կաթնախառնուրդի չանցնի, երեխայի առողջությունը կվտանգի:

«Էնպես չի, որ ես կաթ չունեի, բայց ասացին, որ առաջին հերթին «Հիպ»-ով պիտի կերակրեմ, քանի որ կեսարյան հատումից հետո մայրը կաթ չի ունենում: Ես կտրականապես հրաժարվեցի, քանի որ մինչև այդ շատ լավ տեղեկացվել էի ու որոշել էի, որ կաթնախառնուրդից պետք է հրաժարվեմ: Եկան, հայտարարեցին, որ երեխան քաշ է գցել: Ես էլի չէի ուզում ենթարկվել նրանց, սակայն արդեն սկսեցին հարազատների շրջանում պանիկա առաջացնել», - պատմեց մայրը:

Նա ասաց, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անցել է մայրական կաթի: Իր խոսքով, երեխան որևէ խնդիր չունի․- «Եթե տեղյակ լինելով հանդերձ ինձ ստիպեցին, որ ծննդատանը կաթնախառնուրդ տամ, պատկերացնում եմ, որ եթե տեղյակ չլինեի, միգուցե և հրաժարվեի կրծքով կերակրելուց»:

Սուսաննա Հարությունյանն ասում է, որ այսպիսի բողոքներ մշտապես են ստանում Երևանի 10 ծննդատներից 8-ի դեպքում:

«Ծնողները, երբ ինձ ասում են այսինչ կաթնախառնուրդն են իմ երեխային առաջարկել, ես սովորաբար գուշակում եմ, թե որ ծննդատանն է երեխան ծնվել: Բուժաշխատողները համագործակցում են կաթնախառնուրդ արտադրող ընկերությունների հետ, որի իրավունքը իրենք չունեն, և խրախուսում են այդ ընկերությունների արտադրանքը»

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հասարակական կազմակերպություններից լսում են խնդրի մասին, բայց կոնկրետ բողոքներ ու փաստ չունեն, որպեսզի վարույթ հարուցեն և արդեն օրենքի ուժով ֆինանսական տուգանքների ենթարկեն բուժաշխատողներին:

Իսկ քանի դեռ նախարարությունը բողոք չի ստանում և փաստ չի բացահայտում, փորձագետի խոսքով, հիվանդանոցներում շարունակում են առևտրային շահ հետապնդելով՝ համագործակցել կաթնախարնուրդ արտադրող ընկերությունների հետ և վտանգի ենթարկել երեխաներին: