Պուտինը ազդարարում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև «հարաբերությունների նոր փուլի» մեկնարկը

Երեկ Կրեմլում Ռուսաստանն ու Հարավային Օսիան վերջապես ստորագրեցին «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման» մասին պայմանագիրը:

Փաստաթուղթը պետք է ստորագրվեր դեռ անցած շաբաթ, սակայն վերջին պահին Ռուսաստանի նախագահի աշխատակազմը, առանց որևէ բացատրության, հետաձգեց փաստաթղթի ստորագրման արարողությունը: Դա տարատեսակ մեկնաբանությունների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի առողջական ծանր վիճակի մասին բազմաթիվ լուրերի պատճառ դարձավ: Երեկ, սակայն, համաձայնագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, Վլադիմիր Պուտինը բավական առույգ տեսք ուներ, և պնդում էր, որ միջազգային հանրության ճնշող մեծամասնության կողմից չճանաչված Հարավային Օսիայի հետ կնքված պայմանագիրը խիստ կարևոր է Մոսկվայի համար:

«Այս, առանց չափազանցության, հարաբերությունների նոր փուլ ազդարարող փաստաթղթում արձանագրված է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև միջպետական երկխոսության բարձր մակարդակը, հստակեցված են երկարաժամկետ հարաբերությունների հիմնական չափորոշիչները», - հայտարարում էր Պուտինը` հատուկ ընդգծելով, որ այսուհետ Ռուսաստանի Դաշնությունն ու Հարավային Օսիան միասնական պաշտպանական տարածք են կազմելու:

Դա, փաստորեն, նշանակում է, որ հարավօսական ուժային կառույցները գործելու են ռուսաստանյան համապատասխան գերատսեչությունների ենթակայության ներքո: Մոսկվան փոխարենը խոստանում է տնտեսական լուրջ աջակցություն ցուցաբերել հանրապետությանը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս պայմանագրի կատարումը ամրապնդվում է լուրջ ֆինանսական ռեսուրսներով: Այս նպատակով Հարավային Օսիային 2016 թվականին հավելյալ մեկ միլիարդ ռուբլի կտրամադրվի», - նշում էր Պուտինը:

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովն էլ որոշեց ներկաների համար յուրատեսակ պատմական էքսկուրս կազմակերպել, պնդելով, թե սրանք ռուս-օսական առաջին դիվանագիտական շփումները չեն:

«Առաջին օսական դեսպանությունը, որը ներկայացնում էր ինչպես Հարավային այնպես էլ Հյուսիսային Օսիայի շահերը, իր դիվանագիտական առաքելությունը Պետերբուրգում իրականացրել է դեռ 18-րդ դարի կեսերին, երբ այսօրվա որոշ առաջատար պետություններ նույնիսկ քաղաքական քարտեզի վրա գոյություն չունեին», - հայտարարում էր Հարավային Օսիայի ղեկավարը:

Բնական է, որ պաշտոնական Թբիլիսին այս պայմանագրի ստորագրմանը բավական կտրուկ արձագանքեց: Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարում էր:

«Պայմանագիրը, որ Մոսկվան ստորագրել է Վրաստանի երկու օկուպացված տարածքներից մեկի հետ, որևէ իրավական ուժ չունի: Պայմանագրի ստորագրումը արդեն իսկ դատապարտել է ողջ միջազգային հանրությունը: Բացի այդ նման քայլը կարող է բացասաբար ազդել Ժնևում Ռուսաստանի հետ ընթացող բանակցությունների հերթական` թվով 31-րդ փուլի արդյունքների վրա», - հայտարարում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարը: