Վաղաժամկետ ազատվելու մասին դատապարտյալների դիմումները հիմնականում մերժվում են

Your browser doesn’t support HTML5

Արթիկի կալանավայրի դատապարտյալ Արտակ Հակոբյանի պայմանական վաղաժամկետ ազատման դիմումները 3 տարի շարունակ մերժվում են։

Հակոբյանը պնդում է, որ դեռ 2012 թվականին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը 15 հազար դոլար է պահանջել վաղաժամկետ ազատ արձակման համար: Ինքը կաշառակերության մասին բարձրաձայնել է, պետի տեղակալը դատապարտվել է, բայց Արտակը իր խոսքով հայտնվել է սև ցուցակում՝ զրկվելով բանտից վաղաժամ դուրս գալու հնարավորությունից։

«Քանի որ իրանց կաշառակեր կոլեգան է կալանավորվել, իմ հանդեպ համակարգով թշնամություն են անում, երեսիդ խնդալով ցույց են տալիս, որ մենք քո հետ խնդիր չունենք, բայց ինչքան վատություն կա, անում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Արտակ Հակոբյանն ասում է, որ 3 տարի անց կալանավայրերում գումարով հարց լուծելու հնարավորությունները նվազել են։ Անգամ բացառում է դա, փոխարենը, սակայն, ըստ դատապարտյալի, գործում են չգրված այլ օրենքներ։ Բանտապետերը հրահանգ ունեն վերևներից՝ վաղաժամկետ ազատելու գործեր չներկայացնել հանձնաժողովներին, համոզված է Արտակ Հակոբյանը։

«Պաշտոնյայի, ինչ-որ ղեկավարի հարազատ, բարեկամ պիտի լինի կամ ազատեն, կամ հանեն բաց ռեժիմ, մնացած դատապարտյալներին չեն տալիս հնարավորություն: Դատապարտյալը դառնում ա ագրեսիվ․․․», - ընդգծեց Արտակ Հակոբյանը:

Իրավապաշտպանները հաճախ են այս հարցով բողոքներ ստանում դատապարտյալներից, համոզված են, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում չի գործում։ Նվազագույն պատժի ժամկետը լրանալուց հետո դատապարտյալների ընդամենը 5 տոկոսն է օրենքով սահմանված կարգով ազատ արձակվում։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բողոքների հետևից հաճախ է այցելում բանտեր: Նա ևս պնդում է, որ դիմումները քննարկող 2 հանձնաժողովներից տարիներ շարունակ անհիմն ու չբացատրված մերժումներ են ստանում։

«Դատապարտյալների կողմից ամենամեծ դժգոհությունը, որ մենք հանդիպում ենք, դա վաղաժամկետ մեխանիզմի չաշխատելն է: Մարդիկ չեն հասկանում, ինչի են իրենք մերժվում, և ասում են, որ իրենց ստիմուլը՝ բարվոք պահելու համար, կորում է», - ընդգծեց իրավապաշտպանը:

Դատապարտյալների դիմումները քննող մարմիններից մեկը անկախ հանձնաժողովն, սակայն իրավապաշտպանները դրան անկախ համարում, քանի որ անդամները հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներ են:

«Հիմնականում էդ հանձնաժողովի մեծամասնությունը ուժային կառույցների ներկայացուցիչներ են և իրենց մոտ դեռ էդ սովետական մոտեցումն է՝ պատժիչի ֆունկցիան իրականացնելու, այլ ոչ թե ուղղման աշխատանքների», - ասաց բանտերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը:

Կալանավայրից «Ազատության»-ը զանգահարած դատապարտյալ Արտակ Հակոբյանը ևս շեշտում է, որ անկախ կոչվող հանձնաժողովը ղեկավարում է Հայաստանի փոխոստիկանապետը․ - «Եվ փոխոստիկանապետերին ձեռք չի տալիս, որ դատապարտյալները հայտնվեն ազատության մեջ, քանի որ կարծում են, կոմմունիստական մտածելակերպով, որ դատապարտյալը դուրս կգա և նորից հանցագործություն կանի, և իրենք նորից կընկնեն պրոբլեմի մեջ»:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Միքայել Զախարյանը չհամաձայնեց, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը չի գործում, բայց ընդունեց, որ արդյունավետությունը քիչ է․ - «Հասունացել է ժամանակը, իրոք, հասունացել է և ցանկալի կլիներ մինչև գոնե այս տարվա վերջ մենք ունենայինք արդեն գործող օրենսդրական ամբողջ փաթեթը և ներդրվեր այդ ինստիտուտը հստակ աշխատեր»:

«Քանի տարի է մենք այդ հարցը բարձրացնում ենք, և ամեն անգամ ասում ենք՝ այո պետք է փոխվի, այո պետք է փոխվի, բայց էնտեղ մարդկային ճակատագրեր են: Հիմա կարելի է էլի ասել, որ նախագիծ կա, մինչևնախագիշը գործի, ճակատագրեր են մարդկային», - արձագանքեց Ավետիք Իշխանյանը:

Խուլիգանության համար դատապարտված Արտակ Խաչատրյանն արդեն 4 տարի 7 ամիս կալանավայրում է։ Ընդամենը մեկ ամիս է մնացել ժամկետի ավարտին, սակայն չի դադարեցնում իր պայքարը վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից օգտվելու համար։ Մարտի 11-ին դատարանը հերթական անգամ մերժել է նրա վաղաժամ ազատվելու դիմումը։

«Ես ցանկանում եմ մի ժամ շուտ էստեղից դուրս գալ, որովհետև ինձ այստեղ պահող բան չկա, որովհետև ես ամենավատ բաները տեսել եմ կալանավայրում»