Նեթանյահուի «Լիքուդը» հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը անսպասելի հաղթանակ է տարել Քնեսեթի ընտրություններում:

Հիմնական պայքարն ընթացել է կառավարող «Լիքուդ» կուսակցության՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ և «Սիոնիստական ճամբար»-ի՝ Իցհակ Հերցոգի միջև։ «Լիքուդին» հաջողվել է ստանալ խորհրդարանի 120 մանդատներից 30-ը, մրցակցին բաժին է ընկել ընդամենը 24 մանդատ: Ուժերի նման դասավորությունը հեշտացնում է կոալիցիա կազմելու՝ Նեթանյահուի վարելիք բանակցությունները, ինչը վերջինիս հնարավորություն կտա չորրորդ անգամ ստանձնել Իսրայելի վարչապետի պաշտոնը:

Վերլուծաբանները նշում են, որ Նեթանյահուի հաղթանակը կարող է կործանարար ազդեցություն ունենալ պաղեստինյան բանակցային գործընթացի վրա, քանի որ ընտրությունների նախաշեմին Նեթանյահուն, դիմելով իր ընտրողներին, հայտարարել է, որ եթե ինքը նորից ընտրվի կառավարության ղեկավար, թույլ չի տա Պաղեստինի Հանրապետություն ստեղծել։