Վրաց հատուկ ջոկատայիններն այսուհետ մշտական տեղակայման վայր կունենան նաև Ջավախքի տարածքում:
Ասպինձայում` Ախալքալաքի և Ախալցխայի միջև ընկած ճանապարհի կեսին, երեկվանից սկսեց գործել վրացական ոստիկանության Հատուկ նշանակության միջոցառումների կենտրոնի Սամցխե-Ջավախեթիի մարզային վարչությունը:
Այս առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով երեկ Ասպինձա էին ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:
Վրացական կառավարության ղեկավարը, դիմելով Ասպինձայում տեղակայված հատուկ ջոկատայիններին, հայտարարում էր․ - «Միակ տարածաշրջանը, որտեղ, ցավոք սրտի և ի զարմանս ինձ, հատուկ նշանակության գործողությունների ոստիկանական վարչություն մինչ օրս գոյություն չուներ, Սամցխե-Ջավախեթին էր: Ես դա հայտնաբերեցի զուտ պատահականորեն` ներքին գործերի նախարար աշխատելու ժամանակ: Այսօր ահա մենք ունենք եվրոպական չափանիշներին համապատասխանող, նորագույն տեխնիկայով հագեցած բազա»:
Ուշագրավ է, որ ոստիկանական ամենալուրջ գործողությունների` այդ թվում զանգվածային անկարգությունների դեմ պայքարի համար նախատեսված հատուկ ջոկատայիններին Վրաստանի կառավարությունը որոշեց տեղակայել հենց Ասպինձայում` Սամցխե-Ջավախեթի երկրամասի ամենավրացաբնակ քաղաքներից մեկում:
Վրաստանի վարչապետն, ի դեպ, այս անգամ էլ առիթը բաց չթողեց` հատուկ ջոկատայինների տեղակայումը Ջավախքում ուշացնելու համար մեղադրելով նախկին իշխանություններին: Խոսքը, մասնավորաբար, Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակիցներից մեկի` Վանո Մերաբիշվիլիի մասին էր:
«Այս ողջ տարածքը ընդամենը մեկ լարիով ցանկանում էր ձեռք բերել Վանո Մերաբիշվիլիի հայրը: Երկար տարիներ այստեղ կիսաքանդ, չգործող մանկապարտեզ էր, որի տեղում Մերաբիշվիլիի հայրը ցանկանում էր հյուրանոց կառուցել: Եվ սա մի իրավիճակում, երբ երկրի ամենակարևոր տարածաշրջաններից մեկում ոստիկանության հատուկ նշանակության գործողությունների կենտրոն ընդհանրապես գոյություն չուներ», - դժգոհում էր Ղարիբաշվիլին:
Վրացական կառավարության ղեկավարը երեկ Ասպինձայում բազմաթիվ գովեստի խոսքեր հնչեցրեց հատուկ ջոկատայինների հասցեին` նշելով նաև, թե անցել են այն ժամանակները, երբ վերադասների անօրինական հրամանները կատարելու համար պատժում էին շարքային ոստիկաններին: Վրացական մամուլի գնահատմամբ` այս ակնարկի հասցեատերը ևս նախկին իշխանություններն էին: