Երիտասարդական նվագախմբի լիբանանյան համերգները նվիրված էին Ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում 1994 թվականից անցկացվում է դասական երաժշտության ամենամյա փառատոն «Ալ Բուստան» խորագրով, որին արդեն երկրորդ տարին է պաշտոնապես հրավիրվում է Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Նվագախումբը հանդես է եկել 5 համերգով համաշխարհային հռչակ ունեցող մենակատարների, երաժիշտ կատարողների և վոկալիստների հետ: Առաջին 4 համերգների ընթացքում հնչել են Ռախմանինովի, Բեթհովենի, Մոցարտի, Չայկովսկու ստեղծագործությունները: Այդ համերգները ղեկավարել է փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Իսկ վերջին՝ 5-րդ համերգի ժամանակ, որը ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը, հնչել են Ղազարոս Սարյանի ստեղծագործությունները: Տեղի է ունեցել Վինչենցո Բելինիի «Նորմա» օպերայի համերգային կատարումը:

Նվագախումբը օրերս է վերադարձել փառատոնից, որին այս տարվա մասնակցությունը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:

Փառատոնի բացմանը, «Ալ Բուստահ»-ի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ այսպիսով իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով, ավելի քան 300 մասնակից ունեցող փառատոնն ամենամեծն է տարածաշրջանում և այս տարի հանդիսատեսը շատ լավ ընկալեց Հայաստանի ուղերձը մարդկությանը երաժշտության լեզվով: