«Հայրենակիցներ» կամ «Համերկրացիներ» ծրագրովընդհանուր առմամբ 282 հազար մարդ է տեղափոխվել Ռուսաստան: Այսօր ներգաղթի հարցերով միչգերատեսչական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին:
«Ներգաղթի ծրագրի ընդհանուր տվյալներով, այսօրվա դրությամբ Ռուսաստան է տեղափոխվել 282 հազար 600 մարդ: Նշեմ, որ տվյալ գործընթացը կայուն զարգացման միտում ունի: Եթե ծրագրի առաջին տարիներին տարեկան մենք ընդունում էինք մոտավորապես 9 հազար մարդ (2008-2009թվականներին), ապա 2014 թվականին մեզ առաջին անգամ հաջողվեց հաղթահարել 100 հազարի սահմանագիծը, Ռուսաստան տեղափոխվեցին մոտավորապես 106 հազար մարդ, սա երեք անգամ ավելին է, քան 2013-ին», - ասել է նա:
Ռոմոդանովսկին 2015 թվականի արդյունքները դրական է գնահատել՝ նշելով, որ արդեն 30 հազար մարդ է տեղափոխվել Ռուսաստան հիմնականում Ուկրաինայից, և հույս է հայտնել, որ այս տարի կգերազանցեն անցյալ տարվա ռեկորդային ցուցանիշը:
Ռուս պաշտոնյան նշել է, որ «Համերկրացիներ» ծրագիրը հատուկ նշանակություն է ստացել՝ կապված Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների հետ: Նրա խոսքով, լուրջ աշխատանք է տարվել ծանր իրավիճակում ընկած մարդկանց ընդունելու ու իրավական կարգավիճակ հատկացնելու հարցում:
Ռուսաստանի միգրացիոն ծառայության պաշտոնական տվյալներով, որը հանձնաժողովի նիստում հրապարակել է«Համերկրացիներ»-ի հետ աշխատանքների վարչության պետՎիտալի Յակովլևը, «2014 թվականին ներգաղթի հիմնական աղբյուր երկրներն են Ուկրաինան՝ 39,2 տոկոս, Ղազախստանը՝ 21,2 տոկոս, Ուզբեկստանը՝ 13,9 տոկոս, Մոլդովան՝ 8,5 տոկոս, Հայաստանը՝ 6,4 տոկոս»:
Ստացվում է, որ 2014-ին «Համերկրացիներ» կոչվող ծրագրով Հայաստանից Ռուսաստան մշտական բնակության է մեկնել 6 հազար 784 մարդ:
2007 թվականից սկսած, այս ծրագիրը Ռուսաստանի պետական մարմինների կողմից իրականացվող ներգաղթ է: Ներգաղթյալներին բնակության վայրեր են հատկացում Ռուսաստանի նոսր բնակեցված, բնակլիմայական վատ վայրերում, մասնավորապես Սիբիրում, Ալթայի երկրամասում, Արխանգելսկի մարզում:
Ներգաղթյալներին շահագրգռելու համար Ռուսաստանը կացարանից բացի նրանց ապահովում է աշխատանքով, սկզբի համար դրամական օգնություն է ցուցաբերում, գյուղական վայրերում ընտանի կենդանիներ են տալիս, բայց մի պայմանով՝ նրանք չպետք է վերադառնան հայրենիք, չպետք է խախտեն Ռուսաստանում մշտապես բնակվելու պայմանը:
Վերջին տարիներին ծրագրի պահանջները ավելի դյուրացվեցին: «Համերկրացիներ» ծրագրով Ռուսաստան մեկնող մարդուն թույլատրեցին իր հետ տանել ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև մոտիկ հարազատներին:
Հայաստանում հերթեր էին առաջանում դիմումներ ընդունող գրասենյակների մոտ, իսկ դիմումները ընդունվում էինՀայաստանում Ռուսաստանի հյուպատոսարաններում:
Անցած շաբաթավերջին Ռուսաստանի վարչապետ ԴմիտրիՄեդվեդևը որոշում ստորագրեց, ըստ որի 2015-ին Ռուսաստանի 50-ից ավելի սուբյեկտներին 180 միլիոն ռուբլի է հատկացվում «Համերկրացիներ» ծրագրով Ռուսաստան տեղափոխվածներին աջակցելու համար:
Ըստ ռուսական ՏԱՍՍ, «Ինետֆաքս», «Ռիա-նովոստի», «Ռոսբալտ» գործակալությունների: