Տեղերի գյուղապետարանն այսօր փակ էր կիրակի օրվա քվեարկությունից հետո։ Մինչդեռ նախօրեին այստեղ տոնական տրամադրություն էր։ Ընտրություններին հետևող լրագրող Սառա Պետրոսյանը պատմում է, որ քվեարկությունը չավարտված՝ միակ հանրապետական թեկնածուն արդեն սեղան է բացել և նշել հաղթանակը։
«Այդ կերուխումը, որը տեղի էր ունենում հենց քվեատուփի շուրջբոլորը, խոսում է մի բանի մասին, որ միակ շահագրգիռ մարդը պետք է լիներ համայնքի ղեկավարը, որը պետք է այդ ճաշկերույթը կազմակերպելով որոշակի զանգված հավաքեր այդտեղ»,- ասաց լրագրողը։
Գյուղացիները չեն հերքում՝ հյուրասիրություն եղել է, ուղղակի իրենք տեղյակ չեն եղել, որ Ընտրական օրենսգրքով արգելված է տեղամասում սեղան գցելը։
«Ամբողջ օրը էս գյուղում սառը օդին մարդիկ սովածանում են անկախ իրանցից։ Հյուրասիրությունը գալիս է գյուղապետի շնորհքից, ցավդ տանեմ, ամեն գյուղապետ չի կարա մեր գյուղապետի նման հյուրասիրի հանձնաժողովի անդամներին»,- ասաց գյուղի կանանցից մեկը։
Վերընտրված գյուղապետ Գառնիկ Հովհաննիսյանըայսօր գյուղում չէր, ավելին՝ նա այստեղ մշտապես չի բնակվում։ Տեղերում ապրում է յոթ բնակիչ, սակայն ընտրություններին 87 մարդ էր մասնակցել, ովքեր և միաձայն ընտրել էին առաջադրված միակ հանրապետական թեկնածուին։
Գյուղացիները նշում էին, որ գյուղում խնդիրներ շատ կան. ճանապարհները քանդված են, խանութ, դպրոց ու մանկապարտեզ չկա և քչերն են ցանկանում այստեղ մնալ։ Նախընտրական քարոզարշավ գյուղապետը չի անցկացրել, սակայն խոստացել է, որ կլուծվի հիմնական խնդիրը՝ գյուղը կապահովվի խմելու և ոռոգման ջրով։
Կիրակի օրը Տեղեր գյուղից բացի ղեկավար են ընտրել նաև 25 այլ համայնքներում։ Ըստ դիտորդների՝ եթե Տեղերում անգամ չբնակվողներն են մասնակցել ընտրությանը, ապա մյուս համայնքներում ակտիվություն չի նկատվել։ Արմավիրում գործող «Քաղաքացիական զարթոնք» հասարակական կազմակերպության նախագահ Տիրայր Մուրադյանը նշում է, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերը հիմնականում դատարկ էին, և միայն ընտրության ավարտին կուտակումներ առաջացան։
«Տպավորությունը այնպիսին էր, որ հասկանալով, որ ընտրողների թիվը խայտառակ պակաս է, մարդկանց պարզապես ոչ թե հրավիրել, այլ բերման են ենթարկել ընտրատեղամաս, որպեսզի իրենց ցանկալի արդյունքը ստանան»,- ասաց Մուրադյանը։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները ՏԻՄ ընտրությունների ժամանակ տասնյակ ընտրախախտումներ են նկատել, այդ թվում՝ կապիտ խախտումներ։ Նախաձեռնության աշխատանքները համակարգող Լենա Նազարյանը նշում է, որ եղել են դեպքեր, երբ վստահված անձանցից մեկը փորձել է քվեարկել մեկ ուրիշի փոխարեն կամ ընտրախցիկ մտել մի քանի քվեաթերթիկով։
«Իջևանում մի այսպիսի դեպք պատահեց, երբ ընտրողի մոտ հայտնաբերվեց երեք քվեաթերթիկ։ Ընտրողը ասում էր, որ այդ քվեաթերթիկները իրեն տվել է հանձնաժողովի անդամը, հանձնաժողովի անդամը պնդում էր, որ չի տվել երեք քվեաթերթիկ, տվել է ընդամենը մեկը»,- պատմեց Նազարյանը։
ՏԻՄ ընտրությունների արդյունքներն արդեն ամփոփվել են։ 26 համայնքներից 17-ում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուներն են հաղթել և միայն երեքում է, որ հաղթանակ են տոնել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։