Բողոքի ակցիա Բաքվում՝ ընդդեմ իշխանությունների տնտեսական քաղաքականության

Your browser doesn’t support HTML5

Ավելի քան 10 հազար մարդ երեկ դժգոհում էր ադրբեջանական մանաթի արժեզրկումից:

«Հեռացիր, ապազգային իշխանություն» կոչերով Բաքվում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը, որը նվիրված էր «կոռումպացված» իշխանությանն ու երկրի շարքային քաղաքացիների ծանր տնտեսական վիճակին: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

«Ոչ կողոպուտին» կարգախոսով ավելի քան 10 հազար մարդ Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում երեկ դժգոհում էր վերջին ամիսներին ադրբեջանական մանաթի արժեզրկումից, ինչի արդյունքում բնակչության մոտ տնտեսական վիճակի կտրուկ վատթարացում է արձանագրվել:

Ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլին իր ելույթում ասել է, որ իշխանությունների հանցավոր քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ունենալով 19 միլիարդ մանաթի բյուջե՝ նրանք որոշել են 8 միլիարդ մանաթ բյուջեով օլիմպիական խաղեր անցկացնել:

«Ո՞ւմ է պետք», - հարցրել է ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ այդ հսկայական միջոցները կարելի էր ուղղել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նվազագույն կենսաթոշակն ու աշխատավարձը բարձրացնելուն:

«Սա ոչ թե մանաթի դեմ, այլ արդարության համար պայքար է», - հայտարարել է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի կոնգրեսի համակարգող խորհրդի ներկայացուցիչ Ֆուադ Ղահրամանլին․ - «Այդ աղետը ժողովրդի համար կազմակերպել է Ալիևի վարչակազմը: Տարիներ ի վեր նրանք գողանում են նավթից ստացվող եկամուտները: Այժմ այդ մեղավոր կառավարությունը պետք է դուրս գա և հաշվետու լինի ժողովրդի առջև»:

Բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներ էին պահել՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու պահանջով: Ընդդիմության ներկայացուցիչը, սակայն, իր ելույթում նշել է, որ այս իրավիճակից դուրս գալու համար ոչ թե Արևմուտքից պետք է օգնություն սպասել, այլ ժողովուրդը պետք է կամք ցուցաբերի:

«Ալիևի վարչակազմը չի ճանաչում ոչ օրենք, ոչ էլ բարոյականություն», -ասել է ադրբեջանցի ընդդիմադիրը:

Հանրահավաքն ավարտվել է բանաձևի ընդունմամբ, որում ընդդիմությունը արձանագրում է, որ իշխանությունները խաբել են քաղաքացիներին՝ կտրուկ փոփոխելով մանաթի գինը, չնայած ավելի վաղ տրված հրապարակային խոստումներին, այդ պատճառով Ալիևի վարչակազմը պետք է հատուցի բնակչության վնասները՝ բարձրացնի աշխատավարձերն ու թոշակները, նվազեցնի վարկերի տոկոսները, վերջ տա կոռուպցիային ու մենաշնորհներին: