Ջենարո Գատուզոն, Մարկո Մատերացին, Ժան Պյեռ Պապենը, Իվան Սամոռանոն և տարբեր սերունդների ու հավաքականների հանրահայտ այլ ֆուտբոլիստներ մարտի 28-ին խաղադաշտ դուրս կգան Երևանում՝ հայաստանյան Մարադոնայի՝ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Խորհրդանշական խաղին կմասնակցեն նաև նախկին Խորհրդային միության ֆուտբոլի հավաքականի անդամները ու 80-ականներին Հովհաննիսյանի խաընկերները՝ 1986 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Իգոր Բելանովն ու իր ժամանակի լավագույն դարպասապահներից մեկը՝ Ռինատ Դասաևը:
2001 թվականին 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Խորեն Հովհաննիսյանը պատրաստվում է երկու խաղակեսն էլ խոտածածկին անցկանցել՝ ընդգծելով, որ 60 տարին խոչընդոտ չէ:
«Բոլորն էլ չեն զգում իրենց տարիքները, շատ ուրախ եմ, որ ես էլ չեմ զգում իմ տարիքը դեռ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Հայաստանի ներկայիս հավաքականի մասին խոսելիս 1996-97 թվականներին ազգային ընտրանին գլխավորած Հովհաննիսյանը լավատես է: Չնայած վերջին խաղերում հավաքականը պարտություն է կրել, նրա խոսքով, գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին պարզապես ժամանակ է պետք:
«Իմ կարծիքով, մարզչին պետք է հնարավորություն տալ՝ մարզելու, երկրորդը՝ կախված է նաև ֆուտբոլիստներից, թե ինչ մարզավիճակում են իրենք գտնվում էդ պահին, որովհետև քանի խաղ տղաների մոտ վնասվածքներ են եղել, չեն կարողացել ամբողջ կազմով խաղալ: Ես կարծում եմ ժամանակ է պետք տալ մարզչին», - նշեց Խորեն Հովհաննիսյանը:
Միջազգային սպորտի վարպետը և «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստը այսօր էլ պահպանել է մարզական ոգին: Անդրադառնալով հունիսին Ադրբեջանում կայանալիք Եվրոպական խաղերին և Բաքու մեկնելու՝ սպորտային ֆեդերացիաների դժկամությանը՝ ընդգծեց, որ այդ խաղերին մասնակցել պետք է․ - «Մենք պետք է անպայման մասնակցենք, պետք է գնանք հաղթելու համար: Ես գտնում եմ, որ բոլոր սպորտսմենները, ովքեր տրամադրված են, անպայման պետք է գնան, մասնակցեն: Միանշանակ ես կգնայի, կմասնակցեի»: