Տարբերակված մոտեցում Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի նկատմամբ

Your browser doesn’t support HTML5

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան և Եվրամիության նախագահող երկրի՝ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը այսօր Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո անդրադարձել են Արևելյան գործընկերության վեց երկրների հետ Եվրամիության հարաբերություններին:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը անհրաժեշտ է համարել տարբերակել Եվրամիության ճանապարհը նախընտրած և Ռուսաստանի ազդեցությունից դեռևս չխուսափող իշխանություն ունեցող երկրների նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը:

«Մենք պետք է գտնենք ուղին, ընդհանուր ճանապարհը: Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ վերաբերմունքը պետք է տարբեր լինի Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ հարաբերություններից: Դա միանգամայն բնական է»,- ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը։

«Ինչպես և Դուք, ես էլ եմ սպասում Եվրոպական հանձնաժողովի գնահատականին, որից կախված՝ կկայացնենք մեր գնահատականը։ Ես կարծում եմ՝ դրական գնահատական կլինի, և Վրաստանը կստանա վիզայի ազատականացում [մայիսի 21-22-ին նախատեսված] Ռիգայի գագաթաժողովի ժամանակ»,- ասել է Ռինկևիչը։

Երկու շաբաթ առաջ Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հահնը Բրյուսելում ներկայացրել էին Եվրոպական հարևանության ծրագրի թարմացված տարբերակը:

«Հաշվի առնելով տարածաշրջանում էական տեղաշարժերը, Եվրամիությունը մտադրություն ունի փոփոխություններ մտցնել իր սկզբունքներում և գործիքների մեջ»,- նշված էր պաշտոնական հայտարարության մեջ:

«Հարկավոր է հասկանալ՝ ինչու որոշ երկրներ ետ կանգնեցին եվրոպական ասոցացումից և այլ ճանապարհ նախընտրեցին, և ինչպես Եվրամիությունը պետք է արձագանքի ճգնաժամային իրավիճակներում»,- նշված էր մարտի սկզբին հրապարակված փաստաթղթում: