Վրացական գյուղը դատական գործ է սկսել ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի դեմ

Your browser doesn’t support HTML5

Վրաստանի Տաբացկուրի գյուղի բնակիչները դատական պրոցեսի մեջ եմ մտել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հետ:

Տեղացիները պահանջում են չեղյալ համարել Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից Վարդան Այվազյանի ընկերությանը տված լիզենզիան, քանի որ դրանից հետո սահմանափակվել է Տաբացկուրի լճում ձուկ որսալու գյուղացիների իրավունքները: Տեղացիներն ասում են, որ իրենց եկամտի միակ աղբյուրը ձկնորսությունն է, որը հիմա սահմանափակվել է։

2010 թվականի սեպտեմբերի 2-ին Տաբացկուրի լիճը աճուրդով վաճառվել է 1832 լարիով: Աճուրդին մասնակցել է ընդամենը մեկ՝ «Озера» ընկերությունը, որի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Վարդան Այվազյանին: Վրացական «Ռեզոնանս» թերթը տեղեկացնում է, որ ընկերությունների գրանցման ռեեստրի տվյալներով՝ այդ ընկերությունը ստեղծվել է աճուրդից ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 30-ին:

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը լիճը տրամադրել է 20 տարվա օգտագործման համար՝ պայմանով, որ լճում միշտ պետք է ձուկ լինի: Սակայն տեղացիներն ասում են, որ Վարդան Այվազյանի ընկերությունը այս պայմանը չի պահպանել: Ընկերությունը սկսել է ոչնչացնել ձուկը, ավելին՝ Սևանա լճից 80 տոննա խեցգետին են բերել-լցրել Տաբացկուրի լիճը: Խեցգետիններն ուտում են ձկների ձկնկիթը, որի հետևանքով ձկների 13 տեսակ համարյա ոչնչացվել է:

Վրացական թերթը գրում է, որ սակայն Այվազյանը հեռուստատեսային հարցազրույցում ասել է, թե լիցենզիայի պայմանի համաձայն 10 հազար մանրաձուկ է բաց թողել լիճ:

Տեղացիները բողոքում են, որ Վարդան Այվազյանի ընկերությունը պահակներ է վարձել, որոնք հսկում են լիճը և չեն թույլատրում իրենց ձկնորսությամբ զբաղվել:

«Չնայած արգելքին՝ մենք երբեմն ձուկ ենք որսում, որովհետև դա մեր ապրուստի միակ աղբյուրն է»,- «Ռեզոնանս»-ի հետ զրույցում ասել է տեղ բնակիչ Լավրենտի Մուրադյանը:

Տեղացիները նաև ասում են, որ Այվազյանը լավ հարաբերություններ է ունեցել Վրաստանի Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ։ Նրանց խոսքերով՝ Այվազյանը հաճախ էր գալիս Տաբացկուրի, ուր ժամանակ էր անցկացնում Մերաբիշվիլիի հետ:

«Վրաստան» թերթի խմբագիր, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վան Բայբուրթը դրական է բնութագրել Այվազյանին՝ ասելով, որ 2010-ին նա լիճը ձեռք է բերել լրիվ օրինական եղանակով։

«Վարդան Այվազյանը մեր մարդն է և լավ ընկերը, նա ինքը ծնունդով Տաբացկուրիից է , ուստի, ես կարծում եմ, տեղացիներին նա չէր արգել: Այվազյանը մեր երկրի մեծ ընկերն է, ագիտատորը և պրոպագանդիստը»,- ասել է Բայբուրթը «Ռեզոնանս» թերթին։

Իսկ գյուղի բնակիչ Լավրենտի Մուրադյանը ասել է, որ գյուղացիները օգնության խնդրանքով բազմաթիվ անգամ դիմել են տեղական իշխանություններին, բայց ապարդյուն: Մուրադյանի խոսքով՝ կրկնակի աճուրդի դեպքում գյուղացիները պատրաստ են գնել լճի օգտագործման արտոնագիրը։Ի վերջո, վրացական գյուղի բնակիչները Հայաստանի ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի դեմ դատական գործ են բացել:

«Գրուզիա օնլայն»-ը այսօր տեղեկացնում է, որ մարտի 11-ին նշանակված առաջին լսումները Թբիլիսիի քաղաքային դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է: