Պուտինի գտնվելու վայրն ու հանրությանը չերևալու պատճառները շարունակում են անհայտ մնալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, մարտ, 2015թ.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվում է բացահայտել պետության ղեկավարի գտնվելու վայրը:

«Դոժդ» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Վլադիմիր Պուտինը գրիպով հիվանդ է և ներկայումս գտնվում է Նովգորոդի մարզի Վալդայ լճի մոտ իր նստավայրում։ Սակայն նախագահի հիվանդության մասին «Դոժդ»-ի հարցին Պեսկովը պատասխանել է. - «Մեկնաբանություն չկա: Թեման փակված է»:

Ավելի վաղ մամուլի քարտուղարն ասել էր, թե Պուտինի հետ ամեն ինչ կարգին է, բայց հրաժարվել էր հայտնել Ռուսաստանի նախագահի գտնվելու վայրը և հանրությանը չերևալու պատճառները:

Մարտի 5-ից մինչև հիմա Վլադիմիր Պուտինը չի մասնակցում հանրային որևէ միջոցառման:

Նշենք, որ երկուշաբթի օրը՝ մարտի 16-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված է Պուտինի հանդիպումը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ: