Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի նիստում խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած վեց տարիների գործունեության հաշվետվությունը, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներից:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրային խորհրդի անդամներին հակիրճ ներկայացրել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, նաև տեղեկություններ հաղորդել օրերս հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած իր հանդիպումների և դրանց ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին:

Նախագահը նշել է, որ հայեցակարգում կարևորված են խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները, այդ համակարգի առաջադիմական լինելը և որ հայեցակարգի վերաբերյալ դրական է արտահայտվել նաև Վենետիկի հանձնաժողովը: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը խոսել է դեռևս չփարատված իր մտահոգությունների մասին, շեշտել, որ մասնագիտական հանձնաժողովը ևս նույն խնդիրների վերաբերյալ ընդգծումներ է կատարել հայեցակարգում: Հանրապետության նախագահը տեղեկացրել է Հանրային խորհրդի անդամներին, որ այսօր պաշտոնապես հավանություն է տալու հայեցակարգին, ինչով սկսվելու են Սահմանադրության բուն տեքստի մշակման աշխատանքները, որոնց ընթացքում էլ քննության կառնվեն և լուծումներ կգտնվեն բոլոր հնարավոր հարցերի համար: