Խարդախության մեղադրանքով 6.5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ընկերները համացանցում նոր ակցիա են նախաձեռնել, կոչ անելով օգնել Ավետիսյանի ընտանիքին կատարելու դատավճռի՝ 2 հազար դոլարի վճարման պահանջը։
Բացի ազատազրկումից, դատարանը Ավետիսյանին պարտավորեցրել է պետբյուջե վճարել 2 հազար դոլարի չափով այն գումարը, որը, ըստ դատավճռի, պահեստազորի գնդապետը խարդախությամբ հափշտակել է մի քաղաքացուց՝ դրա դիմաց խոստանալով աջակցել վերջինիս թոռանը բանակից ազատելու հարցում։
Facebook սոցիալական ցանցում Ավետիսյանի ընկերները՝ հիմնականում «Հիմնադիր խորհրդարանից», հանրությանը կոչ են անում օգնել Ղարաբաղյան պատերազմի վետերանի ընտանիքին, որպեսզի «վերջիններս չհայտնվեն փողոցում»։
Վեց երեխաների հայր Ավետիսյանը արդեն տարիուկես գտնվում է անազատության մեջ, նրա որդիներից մեկը զինծառայության մեջ է, մյուս երկու որդիները մեծ դժվարությամբ են օրվա հաց վաստակում, «Ազատության» հետ զրույցում ասում է նախաձեռնության հեղինակներից ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։ Նրանց տեղեկություններ են հասել, որ որոշ մարդիկ սպասում են Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության որոշմանը՝ Ավետիսյանի ընտանիքին պատկանող հողամասը գնելու համար։
«Հողամասը կոնկրետ Վոլոդյա Ավետիսյանը ունի փայաբաժին, որով սնվում է հենց ամբողջ իր ընտանիքը՝ կանաչի է, բան է, գոնե իրենց տնամերձը իրենց առօրյա սնունդը ապահովում է: Ու արդեն որոշակի տեղեկություններ ունենք, այսպես ասած՝ ականջից ականջ հասնող լուրերով, որ մարդիկ կան, որ անհամբեր սպասում են, թե երբ են առնելու Վոլոդյային պատկանող այդ հողամասից, չնայած դրանք էդ հողամասի կարիքը բնավ չունեն, ուղղակի՝ վատություն անելու համար», - նշեց Սարուխանյանը:
Ավետիսյանի բնակարանն ու հողամասը Արմավիրի մարզի Պտղունք գյուղում են։ Հողամասը ընտանիքի գոյատևման կայուն աղբյուրներից է, և այն վաճառել չեն կարող, ասում է ազատամարտիկի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը։ Խնդրի լուծման համար Մարգարիտան այժմ զբաղված է պահանջվող 2 հազար դոլարի հայթայթմամբ՝ օգնության խնդրանքով զանգահարում է ծանոթ-բարեկամներին։
«Այսինքն, եթե դա էլ անգամ վաճառվի, 2 հազար դոլար չի կազմի», - «Ազատության» այս դիտարկմանը Մարգարիտա Բաղրամյանը պատասխանեց․ - «Չէ, հիմա հողը գին էլ չունի, որ վաճառեմ՝ իր գումարը տամ: Բայց ինչի համար, էդ իմ երեխեքի հողն է»:
Նա նաև նշեց, որ առայժմ ԴԱՀԿ-ից որևէ ծանուցագիր չեն ստացել, բայց այլընտրանք չունեն՝ պարտավոր են գումարը հավաքել ու վճարել։
Գագիկ Սարուխանյանն էլ, իր հերթին, ասում է, որ իշխանություններին քննադատելու համար Ավետիսյանին ազատազրկելով՝ ճնշումները նրա և ընտանիքի նկատմամբ չեն ավարտվել․ - «Եթե մարդու հետևից ընկել են, եթե անգամ հիվանդ երեխային են տանում բանակ և էս մեկ տարվա ընթացքում էդ երեխան արդեն չորս անգամ հոսպիտալ է ընկնում և չեն կարողանում բուժեն, եթե էդ երեխայի վերաբերյալ մայրը դիմում է գրում պաշտպանության նախարարին, պաշտպանության նախարարը հանդիպում է, տարբեր բժիշկներ բուժում են՝ հիվանդության պատմության մեջ գրում են իբր բուժված, բայց գնում է՝ երկու շաբաթ հետո նորից կրկնված, այսինքն՝ հնարավոր չի բուժել էդ երեխուն, այսինքն՝ էս ճնշումները կիրառում են էդ մարդու նկատմամբ, մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ճնշումները շարունակվելու են»:
Դատական բոլոր երեք՝ առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյանները հաստատված են համարել նախաքննական մարմնի վարկածն այն մասին, որ բողոքի ակցիաներ կազմակերպող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը երկու տարբեր դրվագներով խարդախություն է արել, մի դեպքում՝ խարդախությամբ քաղաքացուց 2 հազար դոլար է հափշտակել՝ դրա դիմաց թոռանը բանակից ազատելու հարցում աջակցելու համար, մյուս դեպքում՝ քաղաքացուց փորձել է 500 դոլար վերցնել՝ զինծառայողին այլ զորամաս տեղափոխելու համար։
Մինչդեռ Ավետիսյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու փաստաբան Արա Զաքարյանը շարունակում են պնդել, որ նա ճաղերի հետևում է հայտնվել իշխանությունների դեմ կազմակերպած ցույցերի համար։
Նուբարաշենում իր պատիժը կրող Ավետիսյանը փետրվարի վերջին հայտարարություն էր տարածել, որով հասարակությանը կոչ էր արել ոտքի կանգնել, հեռացնել ռեժիմին ու ազատագրել երկիրը։