Մայիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքական վերնախավը ևս խոսում է սահմանադրության փոփոխության մասին․ Ղարաբաղի վարչապետ, իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, սակայն, հորդորում է դա չկապել Հայաստանում սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ:
«Մեր տեսլականն անկախ է Հայաստանում շրջանառվող սահմանադրական փոփոխություններից: Մեր պատկերացմամբ՝ պետք է տարբերակել այն մոդելը, որը առաջարկվում է Հայաստանում կամ որը քննարկման թեմա է: Ես չեմ համարում, որ անպայման նույն մոդելը պետք է լինի, այսինքն՝ սահմանադրական բարեփոխումները Արցախում ես դիտում եմ անկախ Հայաստանում տեղի ունեցող նման աշխատանքներից», - ասել է վարչապետը:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին Արայիկ Հարությունյանը հայտարարեց օրեր առաջ՝ կուսակցության համագումարի ժամանակ:
«Պետք է արժեվորենք նախընթաց ձեռքբերումները, միաժամանակ վերանայելով կառավարման գործող սկզբունքները, եթե իրոք կամենում ենք խորքային մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը: Իսկ այդ սկզբունքների փոփոխությունը, իմ համոզմամբ, հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով», - հայտարարել էր Ղարաբաղի վարչապետը։
Թե հատկապես ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը՝ վարչապետը չի մանրամասնում, միայն նշելով, թե դրանց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կառավարման համակարգը: Առավել հստակ դիրքորոշում Արայիկ Հարությունյանը խոստանում է հրապարակել ընտրություններից հետո, երբ, իր խոսքով, արդեն համապատասխան միջավայրը ձևավորված լինի, կստեղծվի աշխատանքային խումբ կոնկրետ մոդելի վերաբերյալ և կսկսեն քննարկումները:
Ընդդիմադիրները, մինչդեռ, մտավախություն ունեն, որ այս փոփոխությունների միջոցով Ղարաբաղի իշխանությունն իրականում փորձում է կանխել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի վերադարձը իշխանության: Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության թիմի անդամ Տիգրան Գրիգորյանի խոսքով, ընդդիմությունը դեմ կլինի փոփոխություններին, քանի որ անընդունելի է երկրի Սահմանադրությունը ներիշխանական խաղերի գործիք սարքելը:
«Լրատվական ռեսուրսները բոլորը մենաշնորհված են իշխանությունների կողմից, և ընդդիմությունը բավարար հնարավորություններ չի ունենալու նորմալ հակափաստարկներ բերել այդ փոփոխություններին: Այստեղ, իմ կարծիքով, պայքարը լինելու է ոչ թե իշխանությունների ու ընդդիմության, ոչ թե Արցախի «Ժողովրդավարական», «Ազատ հայրենիք» ու «Դաշնակցություն» կուսակցությունների, այլ տեղի ուժերի և Սերժ Սարգսյանի միջև: Եթե Սերժ Սարգսյանը հարկ համարեց համաձայնել այդ առաջարկին, որը տեղական նախաձեռնություն է, ապա տեղի կունենան այդ փոփոխությունները», - կարծում է Գրիգորյանը:
Նա համաձայն չէ պնդումներին, թե պատերազմական դրության մեջ գտնվող երկրներում խորհրդարանական համակարգն ավելի արդյունավետ կարող է գործել: Գրիգորյանը հիշեցնում է՝ անկախության հռչակումից հետո Ղարաբաղը խորհրդարանական հանրապետություն էր և Ղարաբաղի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահից հետո ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել և իշխանություն չէր ձևավորվում:
«Այդ ժամանակահատվածում ադրբեջանական ուժերը կարողացել էին գրավել նախկին ԼՂԻՄ տարածքի 40 տոկոսը և միայն ամռանը՝ պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումից հետո, որը, փաստորեն, օրինականացված դիկտատուրա էր, սկսվեցին հայկական ուժերի հաջողությունները: Այսինքն՝ Արցախի պարագայում անհեթեթ է խոսել որևէ էֆեկտիվության մասին», - ասում է Տիգրան Գրիգորյանը: