Այսօր ավարտվել է Լիբանանի զինված ուժերի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան, որի ընթացքում կայացել են հանդիպումներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովի, ռազմական գերատեսչության այլ պաշտոնյաների հետ, այցելություններ ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ուսումնական հաստատություններ և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում կազմակերպել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները:
Այցի ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Լիբանանի զինված ուժերի պատվիրակության ղեկավար բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը ստորագրել են 2015 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը: