«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանությունների գործով հետախուզվում է 3 քաղաքացի

Ոստիկանները աշխատում են դեպքի վայրում, 4-ը մարտի, 2015թ․

Հետախուզվում են մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող 29-ամյա Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում սպանության և ապօրինի զենք, զինամթերք կրելու մեջ մեղադրվող Գրիգորյանին, Հախանումյանին և Հակոբյանին հայտնաբերելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մերձակայքում փոխհրաձգության ժամանակ սպանվել են Դրաստամատ Թադևոսյանը, Լևոն Ղազարյանը և Մեսրոպ Նազարյանը: