Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) օգնության խոշոր ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:
2014-ին գործակալության միջոցով Հայաստանը 27.6 միլիոն դոլարի օգնություն է ստացել:
ԱՄՆ ՄԶԳ-ի փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի-Ֆրիցի խոսքով՝ Հայաստանի տարածքում գործակալությունը ծրագրերի լայն շրջանակ է իրականացնում:
«Հայաստանում մենք կենտրոնացած ենք ժողովրդավարության և վարչարարության ծրագրերի, ինչպես նաև ջրատնտեսման և էներգատնտեսման նախագծերի, սոցիալական պաշտպանության և առողջապահության վրա», - ասում է Կոսինսկի-Ֆրիցը:
Ռուսաստանում տնտեսական անկումից հետո, որն իր բացասական ազդեցությունն է թողել նաև Հայաստանի տնտեսության վրա, գործակալությունը նախատեսում է ընդլայնել տնտեսության ոլորտում մրցակցության բարելավմանը և առևտրի դիվերսիֆիկացմանն ուղղված ծրագրերը: Գործակալությունը նաև օգնում է հայկական կողմին գործարարության և ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել, ինչի շնորհիվ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Համաշխարհային բանկի ցուցանիշներով:
«Մենք նաև աշխատում էինք Հայաստանում բաց երկնքի քաղաքականության ներդրման վրա, որի շնորհիվ 2014-ին 30 տոկոսով ավելացել էին չվերթները դեպի Հայաստան և Հայաստանից դուրս», - նշում է Կոսինսկի-Ֆրիցը:
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասում նաև տարածաշրջանային ծրագրեր է իրականացնում: 2014-ին, օրինակ, գործակալության նախագիծն օգնեց Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի տեսարժան վայրերի միասնական ցանց ստեղծել, իսկ այս տարի իրականացվող «Կամուրջներ» ծրագիրը նախատեսում է օգնել Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային ընկերություններին ավելի սերտ համագործակցել:
Գործակալությունը նաև օգնում է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրեր իրականացնել:
«Տարիների ընթացքում մենք ավելի քան 40 միլիոն դոլար ենք ծախսել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, իսկ այժմ շարունակում ենք ականազերծման աշխատանքները, որոնց շնորհիվ ականազերծվել է տարածքների 98 տոկոսը», - նշում է Կոսինսկի-Ֆրիցը:
Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն ընդլայնել է իր գործունեությունը և այժմ ներկայացված է ինչպես Երևանում, այդպես էլ Հայաստանի բոլոր մյուս մարզերում: