Սահմանադրական բարեփոխումները մշակողները անկախ Արդարադատության խորհուրդ են խոստանում

Your browser doesn’t support HTML5

Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո այն մշակողները խոստանում են դատական համակարգում Արդարադատության խորհրդի անկախացում, դատախազության ինստիտուտի առանձնացում, երդվյալ ատենակալների ինստիտուտի ձևավորում։

Բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի խոսքով, նոր հայեցակարգով առաջարկվում է կասեցնել դատավորի գործունեությունը՝ խորհրդի կազմում նրա ընդգրկվելուց հետո, որպեսզի վերջինս կաշկանդված չլինի որոշումներ կայացնել այն գործերով, որոնք հետագայում գուցե և ինքը քննի։

«Մեզ պետք է Արդարադատության խորհրդի անկախություն ապահովել ոչ միայն իշխանության մյուս թևերից, այլ նաև իրենցից։ Ստացվում է՝ Արդարադատության խորհուրդը ուզի, թե չուզի, սպասարկում է ներքին դատական համակարգին, ներքին օգտագործման կամ ներքին սպասարկման կառույցի է վերածվում»,- ասաց Ղազինյանը։

Ղազինյանը ոչ պակաս կարևոր է համարում նաև այդ խորհրդի նախագահի ընտրության սկզբունքի փոփոխությունը։ Գործող Սահմանադրությամբ այդ պաշտոնը զբաղեցնում է բացառապես Վճռաբեկ դատարանի դատավորը, ինչն էլ, ըստ Ղազինյանի, կրկին անհավասարությունէ ստեղծում։

«Լուծումներից մեկն այն է, որ Արդարադատության խորհուրդը պետք է լինի ռոտացիոն կարգով ղեկավարվող՝ անդամներից որևէ մեկի կողմից, 5-6 ամսով և յուրաքանչյուր անդամ կկարողանա 5 տարվա ընթացքում ղեկավարել խորհուրդը»,- ասաց Ղազինյանը։

Երկաստիճան, թե եռաստիճան դատական համակարգի փոփոխության մասով նոր բան առայժմ նախատեսված չէ։ Ըստ հանձնաժողովի անդամի, արդարադատություն կարելի է իրականացնել նաև գործող համակարգով։

Հայեցակարգում չի շրջանցվել նաև Սահմանադրական դատարանը։ Շատ դեպքերում ՍԴ-ի որոշումները անհասկանալի են լինում նույնիսկ բարձր որակավորում ունեցող մասնագետների շրջանում։ Օրինակ, «Դ!եմ եմ»-ի գործով [կուտակային կենսաթոշակների գործով] ՍԴ որոշումը, երբ նույնիսկ ՍԴ անդամները տարբեր լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանություններ էին անում։ Ղազինյան ասաց, որ ՍԴ-ի մասով նախատեսվում է պարտավորեցնել բարձրագույն դատարանին պատճառաբանական մաս ներկայացնել։

«Հիմնական բովանդակային մասը տեղ է գտնում պատճառաբանական մասում»,- ասաց Ղազինյանը։

«Ազատության» այն դիտարկմանը, թե միջազգային զեկույցներում կամ իրավապաշտպանների կողմից Հայաստանյան արդարադատության մասին գնահատականներ հնչեցնելիս հիմնական շեշտը դրվում է ոչ թե օրենքի, այլ այդ օրենքը կիրառողների թերացումների վրա, այդ դեպքում ինչո՞ւ է փոխվում օրենքը, այլ ոչ կատարող անձինք, Ղազինյանը պատասխանեց՝ օրենքը պետք է կատարյալ լինի։