Մեղադրյալի պնդմամբ, իրավապահները 5 հազար դոլար են պահանջել գործը կոծկելու համար

Your browser doesn’t support HTML5

ՀՔԾ-ն գործ է հարուցել վանաձորցի ոստիկանների կողմից կնոջ արժանապատվությունը նվաստացնելու փաստի առթիվ:

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) դեռ նախաքննություն է անցկացնում 4 ամիս առաջ Վանաձորի ոստիկանությունում երիտասարդ կնոջը հարցաքննելիս նվաստացնելու, նրա նկատմամբ ճնշումներ ու բռնություն գործադրելու պնդումների առնչությամբ, մինչդեռ նույն օրը տրված ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա հարուցված քերական գործն արդեն մտել է դատարան։ Իրավապաշտպանները այստեղ լուրջ հակասություն են տեսնում։

Արթուր Սաքունցը նկատում է․ դատարանը պետք է սպասեր մինչև Հատուկ քննչական ծառայությունը ավարտեր քննությունը ոստիկանների թույլ տված հնարավոր ապօրինությունների առնչությամբ։

«Բավարար հիմքեր է տեսել Հատուկ քննչական ծառայությունը հարուցելու քրեական գործ ոստիկանության աշխատակիցների կողմից Անի Բոշյանի արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական ճնշումների փաստի վրա», - ասաց իրավապաշտպանը:

Կիբերհանցագործության մեջ մեղադրվող երիտասարդ աղջիկը, ըստ հարազատների, ոստիկանության հարցաքննությունից հետո անգամ ինքնասպանության փորձ էր արել։ Քննիչն ապացույցներ է ձեռք բերել ապօրինի գործողություններով, պնդում է իրավապաշտպան Սաքունցը։

«Աբսուրդը կայանում է նրանում, որ ՀՔԾ-ն գտել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից Անի Բոշյանի նկատմամբ այդ բռնությունները, հոգեբանական ճնշումներ, ապօրինի պահելը և այլն բավարար հիմքեր են քրեական գործ հարուցելու և նախաքննություն է գնում: Եվ փոխանակ քննչական բաժինը կասեցնի քննությունը մինչև ՀՔԾ-ի կողմից քննությանավարտը և նոր դրա հիման վրա շարունակի․․․Այսինքն, կարծես թե տարբեր երկրներ են», - նկատեց Արթուր Սաքունցը:

Ինքը՝ Անի Բոշյանը, այլևս ոչնչից չի զարմանում։ Ասում է՝ երբեք չի կարողանա մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ Վանաձորի ոստիկանությունում։

«Ու մենակ էն էին ասում, որ եթե ես հենց հիմա՝ մինչև քննիչի գալը, չհամոզվեմ, որ պետք է ցուցմունքը տամ ինքնախոստովանական բնույթի, ես հաստատ պետք ա տեղափոխվեմ կանանց գաղութ: Ասում ա՝ դու ես որոշելու քո ճակատագիրը, եթե գրում ես էսպես, փրկվում ես, գնում ես տուն, եթե չէ, հենց հիմա էստեղից քեզ ձերբակալում ենք, ուղարկում ենք կանանց գաղութ: Սպառնում էին, որ պետք ա առաջին հարկ իջացնեն, որպեսզի ծանոթացնեն իմ հանցագործ ընկերների հետ», - «Ազատության»-ը պատմեց Անի Բոշյանը:

24-ամյա կնոջը ոստիկանությունում պահել են 10 ժամ՝ 17:30-ից մինչև գիշերվա 03:30-ը, չեն բացատրել իրավունքները, չեն տրամադրել փաստաբան, իր խոսքով, սպառնացել ու նվաստացրել են։ Անին պատմում է, որ ոստիկանության բաժնում իրեն նաև ստիպել են մերկանալ՝ ստուգելու արդյոք դաջվածքներ չունի՞։ Քանի որ դաջվածքներ ունենալ կամ չունենալը ոչ մի կապ չէր կարող ունենալ կիբերհանցագործության գործի հետ, նա համարում է, որ իրեն մերկացրել ու լուսանկարել են՝ ճնշելու համար։

«Մինչև էսօր չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կապ ունեին դաջվածքները կամ վիրտուալ հանցագործության հետ կապված ի՞նչ պետք է լինի մարդու մարմնի վրա, որ իրենք խուզարկության հետևանքով կարողանան հայտնաբերել», - նշեց Բոշյանը:

Անին մեղադրվում է վանաձորցի մի կնոջ «Օդնոկլասնիկի» սոցցանցի էջը կոտրելու ու այնտեղ պորնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ տեղադրելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը, նշում է, որ այդ էջն արդեն կոտրված է եղել, երբ իր ծանոթներից մեկը խնդրեց մուտք գործել կոտրած էջ ու փորձել ջնջել այն սոցցանցից, ինչը ֆիքսվել է ոստիկանությունում։

Բոշյանը, մինչդեռ, ասում է, իր IP-ից բացի, ևս մի քանի տասնյակ IP-ներից են փորձել մտնել այդ էջ։ Ինչո՞ւ է հենց ինքը մեղադրյալի կարգավիճակում։ Անին կարծում է, որ Վանաձորի ոստիկանները ի դեմս իրեն գտել էին թույլ օղակ, որի վրա կարողացել են ճնշումներ գործադրել՝ ծնողներից կաշառք պահանջելու համար․ - «Հետախուզման բաժնի պետը գալիս է և պահանջում է 5 հազար դոլար, որպեսզի էդ գործը կոծկեն, կամ ասեն, գործի մեջ եղած մեկ այլ կասկածյալի դեմ անեն էդ գործը, չգիտեմ»:

Օրերս հրապարակված Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի զեկույցում անդրադարձ կար ոստիկանական բռնություններին։ Զեկույցում գրված էր, որ հանձնակատարին լրջորեն մտահոգում են շարունակաբար ստացվող տեղեկությունները ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից խոշտանգման ու դաժան վերաբերմունքի մասին։ Ըստ եվրոպացի օմբուդսմենի զեկույցի՝ լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև այն, որդատարանները հենվում են ենթադրյալ հարկադրանքի պայմաններում ստացված ապացույցների վրա, հատկապես, երբ դա հիմք է ծառայում մեղադրական դատավճռի համար: