Արարատյան Հայրապետական թեմը հրավիրում է Միջինքի տոնախմբության

Հայաստան -- Տեր Պետրոս քահանա Մալյանը (կենտրոնում) լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, Երևան, 11-ը մարտի, 2015թ․

Այսօր երեկոյան Արարատյան Հայրապետական թեմը հրավիրում է մասնակցելու Միջինքի տոնախմբության, որի ընթացքում հնարավոր կլինի ճաշակել ավանդական ձեթով ճմբուռ, մասրապուր, մախոխապուր, կուտապ, տափլաբաղարջ կերակրատեսակները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս քահանա Մալյանը, նշելով, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին փորձում է վերականգնել Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթի օրը, որը Մեծ պահքի 24-րդ օրն է, կամ, ժողովրդական լեզվով ասած՝ Միջինքը, ազգային մի շարք կերակրատեսակներ պատրաստելու ավանդույթը:

Միջինքը ժողովրդական հասկացություն է եղել, սակայն դարերի ընթացքում եկեղեցին հոգևոր խորհուրդ է հաղորդել այդ օրվան:

«Սա մի հանգրվան է, որ հավատացյալը, արդեն Մեծ պահքի կեսը ապրելով, նոր լիցք, նոր եռանդ՝ իր աղոթքների և հավատքի շնորհիվ, շարունակելու է հաջորդ հանգրվանը դեպի մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը», - նշեց Մալյանը: