Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքներից

Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը, հրաժարվելով ինքնախոստովանական ցուցմունքներից, պնդել է, որ իր նկատմամբ բռնություններ են գործադրվել:

Դիտորդներն արձանագրել են, որ Զաուր Դադաևի մարմնի վրա բռնության հետքեր կան: Ավելի վաղ քննչական կոմիտեի ներկայացուցիչները հայտարարել էին, թե Դադաևը ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել:

Նա Չեչնիայի ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատարի տեղակալն է եղել մինչև փետրվարի 28-ը, Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին: Դադաևն իրավապաշտպաններին ասել է, որ ավելի վաղ ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, քանի որ քննիչը ստիպել է դա անել ընկերոջը՝ Ռուսլան Ուսյուպովին ազատելու պայմանով:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի փոխանցմամբ, հասարակական դիտորդական խմբի հետ հանդիպմանը Դադաևը ասել է․ - «Ես մտածում էի՝ կբերեն Մոսկվա և դատարանում կասեմ ճշմարտությունը»:

Մարդու իրավունքների խորհրդի կայքում հրապարակված է «Լեֆորտովո» կալանավայրում մեղադրյալների հետ հանդիպումների վերաբերյալ հաշվետվություն, որի համաձայն Դադաևը փորձել է, բայց դատարանում չի հասցրել հայտարարություններ անել իրավախախտումների մասին, քանի որ դատավորը նրան զրկել է այդ հնարավորությունից՝ հեռանալով խորհրդակցական սենյակ:

Հասարակական դիտորդների հանձնախմբի անդամներն այցելել են նաև Նեմցովի գործով մյուս երկու մեղադրյալներին՝ Ազարով և Շահիդա Գուբաշև եղբայրներին: Վերջիններս նույնպես պնդել են բռնությունների և իրենց անմեղության մասին:

Մարդու իրավունքների խորհրդի կայքում ասվում է․ - «Զաուր Դադաևը հայտնել է, որ իրեն առևանգել են մարտի 5-ին, երբ ինքն ու եղբայրը Դաղստանից ժամանել են Ինգուշեթիա: Դադաևգազետա վրա կան բռնության բազմաթիվ հետքեր: Մարտի 5—ից 7-ը ուտելիք չեն տվել, 3-4 անգամ մի կում ջուր են տվել, ձերբակալությունից հետո զրկել են զանգելու իրավունքից, ձերբակալության ժամանակ իրավական հիմքը չեն վկայակոչել»:

Արիության մեդալակիր Դադաևն, ըստ իրավապաշտպանների, փաստաբանից չի հրաժարվել և չի հրաժարվի: Դադաևին այցելած իրավապաշտպանները նաև վկայել են, որ մեղադրյալն իրենցից է իմացել, որ ծնողները փաստաբան են վարձել:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե ավելի ուշ գնահատական կտա դիտորդական հանձնախմբի հրապարակումներին: Քննչական կոմիտեն հարկ է համարել հասարակական դիտորդական հանձնախմբի անդամներ Եվա Մերկաչևային և Անդրեյ Բաբուշկինին հիշեցնել, որ նրանք մեկուսարան են այցելել ձերբակալման ժամանակ տեղի ունեցած խախտումներն արձանագրելու, մինչդեռ դիտորդները՝ «սկսել են հետաքրքրվել քրեական գործի նյութերով՝ այդպիսով խախտելով ոչ թե կանոնները, այլ՝ օրենքը»: Ըստ քննչական կոմիտեի, իրավապաշտպանները, մասնավորապես, միջամտել են գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը:

Եվ մինչ քննչական կոմիտեն իր այս ձևակերպմամբ սպառնում է պատասխանատվության կանչել բռնությունների մասին բարձրաձայնող իրավապաշտպաններին, նրանց մյուս գործընկերները խիստ քննադատում են նախաքննական մարմնի գործելաոճը:

Մոսկվայի Հելսինկյան իրավապաշտպան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան կասկած է հայտնել, թե հնարավոր կլինի գտնել Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուին: Նրա խոսքով, պատվիրատուները կարող են լինել մարդիկ, որոնք կապված են ոչ թե իսլամիստների, այլ ռուսական իշխանական կառույցների հետ:

«Ինչքան էլ որ չեչենների բանտարկեն, ես պետք է սպասեմ, թե երբ կասեն պատվիրատուի անունը, բայց կասկածում եմ», - ”Интерфакс"-ին ասել է Ալեքսեևան:

«Նովայա գազետա»-ի խմբագիր Սերգեյ Սոկոլովը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է, որ իր տվյալներով՝ Նեմցովին սպանողը Դադաևը չէ: Շրջանառվում է չեչենական ոստիկանության «Հյուսիս» գումարտակի մեկ այլ անդամի՝ ոմն Ռուսլանի անունը: Նա ունի մայորի կոչում:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են նաև իրավապահ համակարգից սպրդած տեղեկությունների մասին, ըստ որոնց հայտնի են թիրախների ցուցակում ներառված անձանց անունները: Այդ ցուցակում, բացի Բորիս Նեմցովից, ներառված են Ալեքսեյ Բենեդիկտովը, Միխայիլ Խոդորկովսկին և Քսենյա Սոբչակը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները անհեթեթություն է որակել՝ հրաժարվելով մեկնաբանությունից: Մինչդեռ, Խոդարկովսկու մամուլի խոսնակը հայտնել է, որ իր դռան շեմին անհայտ անձինք սգո ծաղկեպսակ են դրել: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ծաղկեպսակի լուսանկարը: Այդ քայլն ընկալվում է որպես իրական սպառնալիք: