Ուկրաինային զենք մատակարարելու հարցը պառակտել է ամերիկյան քաղաքական վերնախավը

Your browser doesn’t support HTML5

The New York Times-ի պնդմամբ, սակայն, չնայած աննախադեպ ճնշմանը՝ Օբաման այս հարցում հակված չէ զիջումների:

Ուկրաինային զենք մատակարարելու հարցում Սպիտակ տան և Եվրամիության առաջատար պետության` Գերմանիայի դիրքորոշումները համընկնում են: Դա պարզ դարձավ երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում` Միացյալ Նահանգների Սենատում կայացած լսումների ժամանակ:

«Միացյալ Նահանգներում Գերմանիայի դեսպանը հայտարարել է, թե նախագահ Օբաման փետրվարին կայացած անձնական զրույցի ընթացքում դաշնային կանցլեր Անգելա Մերկելին խոստացել է, որ Ուկրաինային մահաբեր զինատեսակներ չեն մատակարարվի: Չնայած այս տեղեկատվությանը՝ ինքը Օբաման և նրա վարչակազմի մի շարք պաշտոնյաներ շարունակում են ամերիկյան հանրությանն ասել, թե լրջորեն քննարկում են զենքերի մատակարարման հնարավորությունը», - նշում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թենեսիից ընտրված հանրապետական Բոբ Քորքերը:

Սենատում կայացած լսումները այն աննախադեպ ճնշման վկայությունն էին, որի ներքո այժմ հայտնվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Ուկրաինային զենք մատակարարելու հարցում նրա զգուշավոր քաղաքականությանը ընդդիմանում են ոչ միայն հանրապետականները, այլև իր իսկ կուսակից դեմոկրատները:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը երեկ կայացած լսումների ժամանակ հայտարարում էր․ - «Ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական դոկտոր Բժեզինսկին և նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել էին, որ կողմ են Ուկրաինային պաշտպանական զինատեսակների տրամադրմանը: Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ևս իր` պաշտոնում հաստատվելու լսումների ընթացքում փոխանցեց, որ հակված է Ուկրաինային զենք տրամադրելու տարբերակին: Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար Բեն Հոջեսը հայտարարեց, որ Ուկրաինային զենքի տրամադրումը բավարար լծակներ կստեղծի հարցի հետագա դիվանագիտական լուծման համար: ԱՄՆ միացյալ շտաբերի հրամանատար ծովակալ Դեմփսին նույնն է առաջարկել: Այս ամենից հետո ես միայն մեկ հարց ունեմ` արդյո՞ք այս բոլոր մարդիկ և դրան էլ գումարած Սենատի ողջ կազմը ի վիճակի են սխալվել»:

The New York Times-ի պնդմամբ, սակայն, չնայած այս ճնշմանը՝ նախագահ Օբաման այս հարցում հակված չէ զիջումների: «Անձնական զրույցներում Օբաման հստակ ուղերձ է հնչեցել, որ շարունակում է դեմ հանդես գալ զենքի մատակարարումներին: Խորհրդականների և վարչակազմից դուրս գործող որոշ մարդկանց հետ զրույցներում Օբաման ասել է, թե Ուկրաինայի զինումը կարող է պատրանք ստեղծել, որ Կիևն ի վիճակի է հաղթել շատ ավելի հզոր Ռուսաստանին: Դա էլ, իր հերթին, Մոսկվայի կողմից շատ ավելի կոշտ հակազդեցության կարող է հանգեցնել», - գրում է թերթը:

«Օբաման ցանկանում է Ուկրաինայի արևելքում հաստատված փխրուն հրադադարին շանս տալ, թեև դրա ռեժիմի խախտումների թիվը հասել է հազարի», - գրում է The New York Times-ը` հավելելով նաև, որ Ուկրաինային զենքի մատակարարման հարցում Սպիտակ տան դիրքորոշման ձևավորման վրա մեծապես ազդում են Եվրամիության ներսում տիրող տրամադրությունները: Այստեղ էլ գլխավոր դերակատարը Գերմանիան է, որի ղեկավարությունը դեմ է ուկրաինացիներին զենք մատակարարելու գաղափարին:

Չնայած այս ամենին, սակայն, ամերիկյան ղեկավարությունից հնչող հայտարարություններից դատելով՝ հարցը վերջնականապես լուծված չէ: «Այս խնդրի շուրջ վարչակազմի ներսում ակտիվ քննարկումներ են ընթանում», - երեկ կայացած լսումների ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը: Ամերիկացի դիվանագետի կարծիքով, սակայն, Ռուսաստանին հակազդելու հարցում պաշտոնական Կիևը ևս անելիք ունի:

«Ռուսական ագրեսիայի և բացասական ազդեցության դեմ լավագույն հակաթույնը Ուկրաինայի` որպես ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսություն ունեցող պետության կայացումն է: Դրան հասնելու համար մենք պետք է օգնենք Ուկրաինայի կառավարությանը, որպեսզի այն կատարի սեփական ժողովրդին տված խոստումները և պահպանի միջազգային ֆինանսական կառույցների շրջանում ունեցած վստահությունը», - նշում էր Նուլանդը: