«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրիի գրասենյակները դադարեցրել են գործունեությունը

Your browser doesn’t support HTML5

Մինչդեռ, կուսակցության խոսնակը պնդում է, որ ԲՀԿ-ի մարզային գրասենյակների փակվելու մասին որոշումներ ու քննարկումներ կուսակցությունում տեղի չեն ունեցել։

13 պատգամավոր, 26 համայնքապետ, 3 քաղաքապետ ու մի քանի ավագանու անդամներ լքել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)։

Մոտ կես միլիոն ընտրազանգված ունեցող կուսակցության ու խմբակցության շարքերը շարունակում են նոսրանալ։ Գագիկ Ծառուկյանի՝ խաղից դուրս գալու որոշումից հետո իրենց քաղաքական ապագան ԲՀԿ-ում տեսնող ու հավատարմության խոստումներ տվող կուսակցականներից շատերը փոխեցին իրենց մոտեցումները և քաղաքական ուժից հեռանալու դիմումներ գրեցին։ Նրանցից վերջինը Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանն էր։

Կուսակցությունը կամ խմբակցությունը լքելու նոր դիմումներ այս պահի դրությամբ, ըստ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի, չկան, սակայն նա դժվարանում է բացառել, որ առաջիկայում չեն լինի։

«ԲՀԿ-ն շատ մեծ կուսակցություն է. ես չեմ ուզում այս պահին գուշակություններ կամ վերլուծություններ անել, բայց այս պահին նման խոսակցություններ չկան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը։

ԲՀԿ-ում ընդունում են, որ շատերն իրենց ձայնը տվել են կուսակցությանը Գագիկ Ծառուկյան անձի համար, սակայն Վահան Բաբայանը չգիտի՝ շարքային կուսակցականներից գրքույկներ հանձնողներ կա՞ն, թե՞ ոչ։

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում», - ասաց ԲՀԿ խոսնակը։​

Կուսակցության մարզային գրասենյակներն, ըստ Բաբայանի, գործում են բնականոն հունով, դրանց փակվելու, կամ գրասենյակների գույքը Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու մասին որոշումներ ու քննարկումներ կուսակցությունում տեղի չեն ունեցել։

Գյումրիի թիվ 33 ընտրատեղամասի ԲՀԿ գրասենյակը այսօր «Ազատության» այցի ժամանակ բաց էր, Գագիկ Ծառուկյանի նկարն էլ՝ պատին փակցված, սակայն ղեկավար անձանց աթոռները դատարկ էին։ Գրասենյակի նախկին ղեկավարը՝ Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, նշեց, որ առաջիկայում գրասենյակը կփակվի, քանի որ խորհրդի բոլոր անդամները որոշել են դադարեցնել իրենց գործունեությունը։

«Էլ չի գործելու որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, որովհետև խորհուրդը երկուշաբթի օրը որոշում է կայացրել և լուծարվել է», - նշեց նա:

Մինչ 33 ընտրատեղամասի գրասենյակը փակման շեմին է, Գյումրիում ԲՀԿ մյուս գրասենյակները, որոնց թիվը հասնում էր մոտ մեկ տասնյակի, արդեն հասցրել են պատուհաններից ու վահանակներից հեռացնել կուսակցության տարբերանշանը, ըստ էության՝ դադարեցնելով իրենց գործունեությունը։

Ազգային ժողովի նախագահ, հանրապետական Գալուստ Սահակյանն արտառոց չի համարում այն, ինչ այսօր կատարվում է ԲՀԿ-ում։ ՀՀԿ փոխնախագահը փաստում է՝ Ծառուկյանի հեռանալուց հետո այսպես էլ պետք է լիներ․ - «Սա առնետավազք չէ, պարզապես կուսակցությունը ձևավորել էր Գագիկ Ծառուկյանը, և ինքը բավականին լուրջ դերակատար էր կուսակցությունում : Նաև հավատի, քաղաքական հավատամքի խնդիր կար, մարդիկ համախմբվել էին: Այսօր Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ չէ, հետևաբար յուրաքանչյուրը որևիցե պարտավորությունից ազատվում է»:

ԲՀԿ-ն այընտրանք, թե ընդդիմություն՝ Հանրապետականի համար նշանակություն չունի։ Գալուստ Սահակյանի կարծիքով քաղաքականության մեջ մասամբ նաև իրենք՝ իշխող հանրապետականներն են ընդդիմադիր։ Թե ինչին՝ Սահակյանը չի մանրամասնում, սակայն ում է, որ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու փաստը չի կանգնեցրել նրան մանդատից զրկելու գործընթացը։ ԱԺ նախագահի խոսքով առաջիկա օրերին նաև այդ հարցը վերջնական լուծում կստանա։

«Վերջին հաշվով դա կախված է ինձանից: Ես այժմ նաև նայում եմ, թե նախորդ տարիներին ինչպիսին է եղել իրավիճակը, ըստ այդմ վերջնական եզրակացությունը, կարծում եմ, օրեր հետո կարտահայտվի», - ասաց նա: