Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն այսօր զեկույց է հրապարակել, որում ամփոփել է հոկտեմբերին Հայաստան կատարած այցը: Այս առիթով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը զրուցել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զրույցից մի հատված:
«Ազատություն»․ - Պարոն հանձնակատար, անդրադառնանք հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող դատական գործերից մեկին՝ խոսքը Շանթ Հարությունյանի գործի մասին է: Դուք նրա մասին լսել եք, նա և իր աջակիցները դուրս էին եկել փողոց և հեղափոխության կոչեր էին հնչեցրել, սակայն ի վերջո նա ձերբակալվեց, դատապարտվեց ազատազրկման: Հայաստանում շատ ընդդիմադիրներ համարում են, որ այս գործը քաղաքական բնույթ էր կրում: Այս գործի հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա: Շանթ Հարությունյանի որդին, ով շատ երիտասարդ է՝ ընդամենը 14 տարեկան: Ի՞նչ կարծիքի եք այս դատական գործի մասին, արդյո՞ք իշխանություններն իրավունք ունեին դատել նաև նրա որդուն:
Մուժնիեկս․ - Ես հնարավորություն չունեմ խորանալ յուրաքանչյուր կոնկրետ գործի մանրամասների մեջ, սակայն ինձ հետաքրքրել էր Շանթ Հարությունյանի որդու գործը, որովհետև գործ ունեինք երեխայի հետ, ով 14 տարեկան էր, երբ խնդրո առարկա իրադարձությունները տեղի ունեցան: Եվ ես ցնցված էի, երբ իմացա, որ նրան երկարաժամկետ ազատազրկում է սպառնում: Այլ կերպ ասած՝ նրան չէին վերաբերվում որպես երեխայի: Եվ, առհասարակ, հարկավոր է բարեփոխել անչափահասներին առնչվող օրենսդրությունը, այն դարձնել երեխաների համար ավելի նպաստավոր: Իմ այցելությունից հետո ես գոհունակությամբ իմացա, որ Հարությունյանի որդին պայմանական ազատազրկման է դատապարտվել և ազատ է արձակվել, նրան ազատազրկում չի սպառնում: Շատ ուրախ եմ լսել դա: Կարծում եմ դա լավ, իմաստուն և մարդկային վճիռ էր: Սակայն կուզանայի իմանալ, թե քանի՞ նմանօրինակ դեպքեր կան, երբ անչափահասներին երկար ազատազրկում է սպառնում: Կարծում եմ, երբ գործ ունենք այդօրինակ երիտասարդների հետ, նրանց կալանավորելը սխալ է: Սա սոցիալական խնդիր է, նրանք աջակցության կարիք ունեն, սոցիալական միջամտության կարիք:
Ինչ վերաբերում է Ձեր բարձրացրած մյուս հարցին՝ ընտրովի արդարադատության ընկալմանը, սա մի թեմա է, որին մենք անդրադարձել ենք մեր զեկույցում: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել այն մասին, որ ընդդիմադիրները զգում են, որ արդարադատությունը հավասարապես չի կիրառվում, և նրանք, ովքեր քննադատում են իշխանություններին, երկար պատժաչափերի են դատապարտվում, իսկ նրանք, ովքեր սերտ հարաբերությունների մեջ են իշխանությունների հետ, կա՛մ հեշտությամբ ազատ են արձակվում, կա՛մ թեթև պատժաչափեր են ստանում: Սա մի հարց է, որով իշխանությունները պետք է զբաղվեն: Սա երկարաժամկետ լուծում է պահանջում․ Հայաստանում արդարադատության համակարգի նկատմամբ վստահություն չկա հասարակության բոլոր շերտերում: Ահա թե ինչու արդարադատության համակարգում պետք է բարձրացվի պրոֆեսիոնալիզմը և դատավորների անկախությունը, ինչի մասին ես գրել եմ զեկույցում: Եվ սա կարող է օգնել հաղթահարելու ընտրովի արդարադատության ընկալումը:
«Ազատություն»․ - Մեկ այլ խնդիր է մարտի 1-ի հարցը: 2008 թվականին տեղի ունեցավ բողոքի ցույց, որը ուժով ճնշվեց և 10 մարդ զոհվեց՝ ոստիկանության, անվտանգության ծառայությունների հետ բախումների հետևանքով: Եվ այս գործը դեռ օդի մեջ է մնում, հետաքննությունը առաջ չի շարժվում, իսկ զոհերի հարազատները շարունակում են արդարադատություն պահանջել: Նրանք նաև փոխհատուցում են պահանջում, սակայն մինչև այժմ պետությունից ոչինչ չեն ստացել: Ի՞նչ կարծիքի եք մարտի 1-ի մասին: Այս հարցով որոշ գործեր այժմ Եվրադատարանում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
Մուժնիեկս․ - Ես կարծում եմ, որ այստեղ գործ ունենք մարդու իրավունքների շատ լուրջ խախտումների հետ, մասնավորապես՝ կյանքի իրավունքի խախտում, վատ վերաբերմունքի արգելք: Այս դեպքերից 7 տարի է անցել, դա չափազանց երկար ժամանակ է ցանկացած հետաքննության համար: Ես իմ այցելության ժամանակ այս հարցը բարձրացրել եմ իմ մի շարք զրուցակիցների հետ հանդիպումներում և պարզել եմ, որ դեռ տարբեր տեսակի քննչական գործողություններ են կատարվում: Կարծում եմ սա լուրջ խնդիր է, որը պետք է լուծել: Այլապես մենք գործ կունենանք անպատժելիության իրավիճակի հետ, մարդու իրավունքների լուրջ խախտումների պարագայում, ինչը կարող է միայն խրախուսել ապագայում նմանօրինակ խախտումները: Իմ դիրքորոշումը հստակ է՝ այս գործով հետաքննությունը պետք է արագորեն ավարտին հասցվի, մեղավորները պատասխանատվության կանչվեն, զոհերի հարազատների պահանջները բավարարվեն:
«Ազատություն»․ - Շնորհակալություն, պարոն հանձնակատար: Վերջին մեկ հարց՝ Ձեր կարծիքով Հայաստանի արդարադատության համակարգը ի՞նչ ուղղությամբ է ընթանում, կա՞ն ինչ-ինչ դրական նշաններ:
Մուժնիեկս․ - Դե՝ ես որոշ դրական նշաններ տեսնում եմ, մասնավորապես՝ բարձրացել է ընկալումը, որ անհրաժեշտ է լրջորեն մոտենալ իրավապահների կողմից քաղաքացիների նկատմամբ անարդար, վատ վերաբերմունքը բացառելու հարցին: Ես կուզենայի, որ այդ ընկալումը վերածվեր կոնկրետ քայլերի: Ես նաև տեսնում եմ, որ աճել է ընկալումը, որ հարկավոր է նվազեցնել նախագահի, վարչախմբի ազդեցությունը արդարադատության համակարգի և իրավական գործընթացների վրա: Դա, կարծում եմ, դրական զարգացում է, սակայն հարկավոր են կոնկրետ քայլեր, որպեսզի մարդկանց մոտ վերականգնվի հավատը արդարադատության համակարգի նկատմամբ:
«Ազատություն»․ - Այս պահին գոյություն ունի մի իրավիճակ, երբ գործադիր իշխանությունը կարող է անել այն ամենը, ինչ կցանկանա: Մենք, ասես, գործ ունենք «հեռախոսային արդարադատության» հետ: Նրանք կարող են վերցնել ընկալուչը և ասել՝ այս մարդուն այսպես կդատեք: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
Մուժնիեկս․ - Իրականում ես ավելի շատ լսել եմ պնդումներ ոչ թե «հեռախոսային արդարադատության», այլ վերադաս դատավորների կողմից ավելի ցածր ատյանների դատավորների նկատմամբ ճնշումների մասին: Բայց պետք է ասել, որ Եվրոպայի խորհուրդը նախկինում անդրադարձել է արդարադատության համակարգի վրա նախագահի ունեցած ազդեցության հարցին, և նշվել է, որ նախագահի դերը դատավորների նշանակման, պաշտոնական առաջխաղացման և աշխատանքից ազատման հարցերում պետք նշանակալիորեն սահմանափակվի, և որ այն այժմ չափազանց մեծ է: Դա հստակ է բոլորի համար և ես կուզենայի այս հարցում փոփոխություններ տեսնել: