Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարում են նոր մարդասիրական մրցանակի ստեղծումը

Ջորջ Քլունի

«Ավրորա» մրցանակը կշնորհվի հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց։

2016-ի ապրիլի 24-ին հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկը` Ջորջ Քլունին, Երևանում կմասնակցի նորաստեղծ «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը, գրում է New York Times-ը` հավելելով, որ այս մրցանակը հիմնադրվել է մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով:

«Հայկական Սփյուռքի առաջնորդները, պատրաստվելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին, համագործակցել են հոլիվուդյան աստղերի և իրավապաշտպանների հետ` հիմնադրելով մի մրցանակ, որ շնորհվելու է հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց»,- գրում է ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկը։

«Մարդասիրական այս մրցանակի ստեղծումը պաշտոնապես կազդարարվի այսօր` Նյու Յորքում: Այս քայլը հայտնի հայերի կողմից ձեռնարկվող ծավալուն ջանքերի մի մասն է: Դրա նպատակը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված և մինչ օրս Թուրքիայի կառավարության կողմից ժխտվող Հայոց ցեղասպանության փաստագրումն ու արխիվացումն է` 1915 թվականի իրադարձությունները վերապրած մարդկանց և նրանց փրկիչների պատմությունների միջոցով. այնպես, ինչպես դա արվել է Հոլոքոսթի դեպքում»,- գրում է New York Times-ը:

Պարբերականը մեջբերում է Ռուբեն Վարդանյանի խոսքը.- «Բազմաթիվ հայերի կյանքը փրկած մարդկանց կողմից ցուցաբերած որակները` մարդկայնությունը, մեծահոգությունը, ուժն ու զոհողությունների գնալու պատրաստակամությունը պարտավորեցնում մեզ աշխարհին ներկայացնել այս բոլոր պատմությունները»։

«Իմ պապին ևս միսիոներներն են փրկել»,- ամերիկյան թերթի հետ զրույցում նշել է հայազգի գործարարը:

Ամերիկյան պարբերականի տեղեկություններով՝ մրցանակի ֆինանսական կողմը ևս բավական պատկառելի է, այն կազմելու է տարեկան մեկ միլիոն դոլար: Այդ գումարը, սակայն, հաղթողներն ինքնուրույնաբար չեն տնօրինի: «Որպես մրցանակ ստացած գումարը հաղթողներին կփոխանցեն այն կազմակերպությանը, որի գործունեությունն իրենց ամենից շատն է ոգեշնչել»,- գրում է New York Times-ը:

«Ավրորա» մրցանակաբաշխության հաղթողներին որոշելու է հեղինակավոր ժյուրին, որի կազմն արդեն իսկ հայտնի է: Ջորջ Քլունիից բացի դրանում ընդգրկված են լինելու Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էլի Վիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով նախկին բարձրագույն հանձնակատար, Իռլանդիայի առաջին կին նախագահ (1990-97թ.թ.) Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանությունների կանխման գծով ՄԱԿ-ի խորհրդական Գարեթ Էվանսը, ինչպես նաև Նյու Յորքում գործող Կարնեգի կորպորացիայի նախագահ, իրանահայ Վարդան Գրիգորյանը:

Ջորջ Քլունին, ի դեպ, այս մրցանակաբաշխության ստեղծման գործում ընդգրկված միակ հոլիվուդյան աստղը չէ: «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադրման հարցում Ռուբեն Վարդանյանին աջակցել է Not On Our Watch անվանումը կրող ամերիկյան մարդասիրական կազմակերպությունը, որի խորհրդի անդամներն են այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Մեթ Դեյմոնը և Դոն Չիդլը: Այս կազմակերպությունը վերջին տարիներին ակտիվորեն էր զբաղված Աֆրիկայում, մասնավորաբար, Դարֆուրում արձանագրված զանգվածային սպանությունների փաստերը վեր հանելով:

Հոլիվուդյան աստղերի աջակցությամբ հայկական ծագում ունեցող այս նախաձեռնության կյանքի կոչելը մեկ այլ առումով ևս խորհրդանշական է: Մրցանակաբաշխության անվանումը` «Ավրորան» ևս հոլիվուդյան արմատներ ունի: Անվանումն ընտրվել է ի պատիվ ցեղասպանությունը վերապրած, Խարբերդից սերող Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի, ով 1919 թվականին նկարահանվել է հոլիվուդյան «Հոշոտված Հայաստանը» ֆիլմում:

«Հոշոտված Հայաստանը» Հայոց ցեղասպանության մասին պատմող աշխարհում նկարահանված թերևս առաջին կինոնկարն էր: