Արևմտահայ գրողների ստեղծագործությունները կհրատարակվեն եվրոպական լեզուներով

Դանիել Վարուժան

Այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Գրողները միությունը, ի թիվս այլ նախաձեռնությունների, պատրաստվում է նաև հրատարակել Մեծ եղեռնի զոհ դարձած արևմտահայ գրողների՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի և այլոց ստեղծագործությունները եվրոպական լեզուներով, որպեսզի աշխարհը հնարավորություն ունենա պատկերացում կազմել, թե անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ինչպիսի արվեստ, գրականություն ու մշակույթ է ունեցել եղեռնագործության զոհ դարձած հայ ժողովուրդը:

Իսկ ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը գրականության և արվեստի բնագավառում՝ 100 տարի անց:

«Ես հավատում եմ, որ չի անցել բարձր խոսքի, բարձր պոեզիայի, բարձր արվեստի ժամանակը, և դա կլինի պետականություն, թե Մեծ եղեռնի 100-ամյակ, եթե դա ճշմարիտ պոեզիայի արվեստի ծիրից դուրս է գտնվելու, ուրեմն չի կարող խոսք լինել մեր առաջընթացի մասին: Այսօր մենք ազգովի մի բանի խնդիր ունենք․ մենք մոռանում ենք, որ մեր ազգին մի շատ կարևոր վճռական ոլորանի վրա չհերիքեց էդ շնչառությունը», - ասաց բանաստեղծ Արտաշես Արամը՝ նշելով, որ խոսքը հոգևորի, ոգեղենի մասին է:

Բանաստեղծը ցավով նշեց, որ այսօր՝ 21-րդ դարի սկզբին, մեծ հուսախաբություն, հուսալքություն կա մեր ժողովրդի ներսում: Նրա խորին համոզմամբ, դա կապված է ոչ միայն և ոչ այնքան սոցիալական դժվարությունների, բարոյական և հոգեբանական անկման հետ, այլ նախևառաջ, ոգեղենից կտրվելու: