Միացյալ Նահանգների 47 հանրապետական սենատորներ Իրանի առաջնորդներին ուղղված բաց նամակում զգուշացնում են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և պաշտոնական Թեհրանի միջև կնքված ցանկացած միջուկային համաձայնագիր կարճ կյանք կարող է ունենալ, եթե հաստատված չլինի ամերիկյան Կոնգրեսի կողմից։
Թոմ Քոթընը և մյուս 46 սենատորները նշել են, որ առանց Կոնգրեսի վավերացման ցանկացած փաստաթուղթ կլինի պարզապես համաձայնագիր Օբամայի և Իրանի կրոնական առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի միջև, իսկ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կարող է այդպիսի համաձայնագիրը ուժը կորցրած ճանաչել գրչի մեկ հարվածով։
Սպիտակ տունն արձագանքել է բաց նամակին՝ նշելով, որ հանրապետական օրենսդիրների ջանքերն ուղղված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում արհեստական խոչընդոտներ ստեղծելուն։ Սպիտակ տան խոսնակը նամակն անվանել է պարտիզանական քաղաքականության շարունակություն, որն ուղղված է նախագահի վարած արտաքին քաղաքականությունը քայքայելուն։
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արձագանքել է բաց նամակին՝ հայտարարելով, որ այն չի ազդի բանակցությունների ընթացքի վրա, որովհետև իրավական ուժ չունի և ընդամենը պրոպագանդայի տարբերակ է։