Ղրիմ․ Մեկ տարի անց

Ղրիմ - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սևաստոպոլում ընդունում է Սևծովյան նավատորմի զորահանդեսը՝ նվիրված Մեծ հայրենականում հաղթանակի 69-ամյակին, 9-ը մայիսի, 2014թ․

Մարտին լրանում է Ղրիմում անցկացված հանրաքվեի մեկ տարին, որի արդյունքում թերակղզին անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:

Այժմ էլ, երբ սկսվել են իրական դժվարությունները, թերակղզու իշխանությունները համոզված են, որ Մոսկվայի թևի տակ անցումը ճիշտ որոշում էր, քանի որ այն թույլ տվեց խուսափել Արևելյան Ուկրաինայում ընթացող պատերազմից։

«Հանրաքվեի արդյունքում մենք միացանք Ռուսաստանի Դաշնությանը՝ մենք տո՛ւն վերադարձանք», - ասում է Ղրիմի առաջնորդ Սերգեյ Աքսյոնովը:

Նա «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը պատմել է, որ թերակղզու ճնշող մեծամասնությունը չի զղջում Ռուսաստանին միանալու որոշման համար, ավելին՝ մեծապես շահել է այդ որոշումից:

«Արևմտյան լրագրողներին ես առաջարկել եմ դուրս գալ փողոց և հենց մարդկանց կարծիքը հարցնել», - նշել է Աքսյոնովը:

Ղրիմի բռնազավթումից հետո Մոսկվայի դեմ ընդունված արևմտյան պատժամիջոցներն ու էներգակիրների գների կտրուկ անկումը լուրջ հարված էին ռուսական տնտեսության համար, ինչի հետևանքով արժեզրկվեց ռուբլին, թանկացան ապրանքները և սառեցվեցին ներդրումները:

Ղրիմի շարքային քաղաքացիներից շատերն իրենց դժգոհությունն են արտահայտում ռուբլու արժեզրկման և սննդամթերքի թանկացման կապակցությամբ: Բնակիչները դժգոհ են նաև նոր իշխանությունների անկազմակերպ գործելաոճից: Ոմանք, սակայն, նշում են, որ նախկինի համեմատ ավելացել են թոշակները և ուսուցիչների աշխատավարձերը, ոմանք էլ հույս են հայտնում, որ թերակղզու իշխանությունների մոտ վախ կառաջանա Մոսկվայի ղեկավարության հանդեպ:

Միևնույն ժամանակ, իրավապաշտպանները ընդգծում են, որ սահմանափակվել է բնակչության զանգվածային միջոցառումներ կազմակերպելու իրավունքը:

«Կարելի է հաստատ ասել, որ այսօր Ղրիմում սահմանափակվում են խոսքի ազատության, ինչպես նաև տեղաշարժման իրավունքները», - ասում է Ղրիմի իրավապաշտպան Անդրեյ Կրեսկոն:

Ռուսաստանին միանալուց ի վեր ըստ էության դադարեցվել են Ղրիմի և Ուկրաինայի այլ տարածքների միջև բոլոր փոխադրումները օդով, ջրով և ցամաքով: