Բերձորի դեպքերի առիթով ԼՂ ոստիկանությունում այսօր կայացած կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է միջնորդել ոստիկանապետին՝ ոստիկանության 25 ծառայողների համապատասխան տույժերի ենթարկելու մասին:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները հունվարի 31-ին Երևանից «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթ էին նախաձեռնել դեպի Լեռնային Ղարաբաղ, սակայն Քաշաթաղի շրջանում բռնության էին ենթարկվել, մեքենաներն էլ վնասվել էին:
ԼՂ ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, այսօր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ կայացած հանձնաժողովի նիստում քննարկվել են «հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները»:
«Մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները` հանձնաժողովը որոշեց միջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` ոստիկանության 25 ծառայողների ըստ իրենց թույլ տված կարգապահական խախտումների բնույթի և ծանրության աստիճանի ենթարկել համապատասխան տույժերի: Հանձնաժողովի որոշման համաձայն` ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը` խիստ նկատողության, իսկ 6-ը` նկատողության», - ասված է հաղորդագրությունում: