Հազարավոր տեղահանվածներ՝ մինչ Տիկրիտի համար մարտերը շարունակվում են

Միացյալ ազգերի կազմակերպության տվյալներով շուրջ 28,000 խաղաղ բնակիչներ ստիպված են եղել փախուստի դիմել Իրաքի Սամարրա քաղաքից, որը գտնվում է Տիկրիտ քաղաքի մոտ: ՄԱԿ-ը նշում է, որ քաղաքացիական անձինք այդպիսով փորձում են հեռանալ Տիկրիտից, որտեղ արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում են կատաղի մարտերը, մինչ կառավարական ուժերը, շիա աշխարհազորայինների օգնությամբ, փորձում են քաղաքը հետ խլել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից:

Մարտի 2-ին Իրաքի իշխանությունները, շուրջ 30,000-ի հասնող զորախմբով, սկսեցին գրոհել Տիկրիտը, որը Իրաքի նախկին դիկտատոր Սադդամ Հուսեյնի ծննդավայրն էր: «Իսլամական պետությունը» ավելի քան 8 ամիս իր ձեռքում էր պահում քաղաքը և այս ընթացքում հնարավորություն է ունեցել ամրապնդել իր դիրքերը:

Տիկրիտի գրավումը կարևոր ռազմավարական քայլ է համարվում հյուսիսային Մոսուլ քաղաքը վերագրավելու ճանապարհին: