Շարմազանովը հիշեցնում է Մելիք-Ադամյան 2-ի մասին իր հայտարարությունը

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Ժամանակը և կյանքը ցույց տվեց, որ ամենակայացած քաղաքական ազդեցիկ ուժը Հանրապետականն է, հայտարարում է իշխող կուսակցության խոսնակը:

Կյանքը վերահաստատեց, որ այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը Հանրապետականն է, առաջիկա տասը տարիներին պետք է լինի Հանրապետականը, և որևէ մեկը, ով ցանկանում է Հայաստանում պաշտոն զբաղեցնել, առանց Մելիք-Ադամյան 2-ով անցնելու չի կարող հաջողության հասնել: Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին հայտարարեց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով անցած տարվա իր աղմկահարույց հայտարարությունը:

«Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ առաջիկա 10 տարիներին ամենաազդեցիկ քաղաքական ուժը պետք է լինի Հանրապետական կուսակցությունը, որովհետև ամենակուռ կառույցը, ամենագաղափարական կառույցը, ամենակարգապահ կառույցը, ամենամեծ մարդկային ռեսուրս և կարգապահական թիմ ունեցող կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն է: Եվ անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է ուզում զբաղեցնի, առանց Մելիք-Ադամյան 2-ով անցնելու, այսինքն՝ առանց Հանրապետական կուսակցության կարծիքը հարցնելու՝ ծանրակշիռ կարծիքը, չի կարող հաջողություն ունենալ», - երեկ երեկոյան ասաց Շարմազանովը:

«Դուք հիմա վերահաստատո՞ւմ եք», - «Ազատության» այս հարցին իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց․ - «Ե՛ս չեմ վերահաստատում՝ կյա՛նքը վերահաստատեց, որ այսօր Հայաստանի ամենաազդեցիկ, ամենաառաջատար քաղաքական կուսակցությունը, իր թերություններով հանդերձ, մեր թերություններով հանդերձ, մեր պրոբլեմներով հանդերձ, ժողովրդի մոտ մեր խնդիրներով հանդերձ, որպես գաղափարական քաղաքական ազդեցիկ կուսակցություն, բերեք որևէ մեկս ճշմարտության առաջ չմեղանչենք, Հանրապետական կուսակցությունն է»:

2014 թվականի ապրիլին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի անակնկալ հրաժարականից շաբաթներ անց, Շարմազանովը հայտարարեց՝ «եթե որևէ մեկը հավակնում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»:

Երևանի Մելիք-Ադամյան 2 հասցեում է գտնվում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը:

Այն ժամանակ՝ Շարմազանովի խոսքերից ընդամենը օրեր անց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հակադարձեց՝ առաջիկայում ինչ ընտրություններ էլ անցկացվեն՝ նախագահական, թե խորհրդարանական, «հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»:

ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց Շարմազանովին. - «Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, Հայաստանում իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով, և ժողովուրդը ընտրությունների միջոցով է որոշում, թե որ քաղաքական ուժն է ձևավորելու իշխանություն, և որ քաղաքական ուժն է լինելու մեծամասնություն, եթե, իհա՞րկե, Հայաստանի Սահմանադրության մեջ որևէ բան չի փոխվել և ընտրություններ հասկացությունը Սահմանադրությունից չի հանվել»։

Երեկ Շարմազանովը նաև հայտարարեց՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «հաղթելու ամենամեծ շանսերն այսօր ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը»՝ միաժամանակ հավելելով. - «Ժողովուրդը ինչպիսի ընտրություն անի՝ պատկերը դա՛ պետք է լինի: Բայց բերեք ճիշտը ասենք, որ այսօր ժամանակը և կյանքը ցույց տվեց, որ ամենակայացած քաղաքական ազդեցիկ ուժը Հանրապետականն է։ Իհարկե, Հայ հեղափոխական դաշնակցությունը ևս շատ կայացած, շատ ավելի փորձառու և գաղափարական քաղաքական կառույց է, բայց բերեք ընդունենք, որ ազդեցությունը համազոր չէ»:

«Ազատության» հարցին՝ այլ կայացած ուժեր չի՞ տեսնում արդյոք, Հանրապետականի խոսնակը արձագանքեց․ - «Կան, գաղափարական կուսակցություններ կան, իհարկե, պարզապես այդ կուսակցություններում ներքին խմորումներ կան: ՕԵԿ-ն է հետաքրքիր կուսակցություն, որը ունի իր գաղափարախոսական ուղղվածությունը, «Ժառանգություն»-ում մանավանդ նախկին շրջանում ուժեղ էին, բայց էսօր մենք տեսնում ենք, որ հինգ անդամից խմբակցության կարծես թե չկա երկու անդամ, որը նույն ձև քվեարկի, ՀԱԿ-ում էլ տեսանք, որ այլևս երգվեց ՀԱԿ-ի կարապի երգը, և ՀԱԿ-ը այլևս վեր է ածվել օֆսայդում գործող քաղաքական ուժի, և Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն էլ ցույց տվեց, որ ՀԱԿ-ը վեր է ածվել մարգինալ քաղաքական ուժի, ուզեմ թե չուզեմ՝ այդպիսին է իրականությունը»:

«Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությո՞ւնը», - «Ազատության» այս հարցին էլ Շարմազանովը պատասխանեց․ - «Բարգավաճ»-ը՝ կտեսնենք»:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, Շարմազանովի հայտատարությունը վկայում է, որ հանրապետականները բռնապետի մտածելակերպ ունեն և միայն մտածում են իրենց իշխանության հավերժացման մասին:

«Սա նաև մատնում է իրենց թուլությունը, որովհետև, ակնարկելով, որ պաշտոններ կարող են ստանալ միայն Բաղրամյան 26-ից, սա ուղղակի մեսիջ է իրենց քաղաքական հենարանին, պաշտոնյաներին՝ որ «ուրիշ ճանապարհներ մի փնտրեք, մեզ հետ գործ ունեցեք»։ Իսկ նման մեսիջներն ասում են էն վիճակում, երբ որ իշխանությունները թուլացած են զգում և հասկանում են, որ մարդիկ արդեն իրենց ապագան կամ կարիերան չեն կապում իշխանությունների հետ», - ասաց Զուրաբյանը։