Հայաստանը և Ուկրաինան առավել խոցելի իրավիճակում են հայտնվել Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկման հետևանքով, այսօր հրապարկված զեկույցում տեսակետ է հայտնել Fitch վարկանիշային կազմակերպությունը:
«Ռուսաստանը Հայաստանի առաջնային արտահանման շուկան է, ինչպես նաև ամենախոշոր օտարերկրյա ներդրողն ու տրանսֆերտների աղբյուրը: Այդ իսկ պատճառով Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի աճի հեռանկարների վրա, ինչը արտացոլվել է հունվարին մեր կողմից այդ երկրի վարկանիշը մեկ կետով նվազեցնելու և B+ վարկանիշ սահմանելու որոշման մեջ», - ասվում է «Ռուսաստանում աճի անկումը հարվածում է ԱՊՀ երկրներին» վերնագրված զեկույցում:
Ֆինանսական աշխարհում մեծ հեղինակություն վայելող կազմակերպությունը փաստում է. - «Ռուսաստանի տնտեսական աճի կտրուկ անկումը զգալի հարված է հասցրել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մաս կազմող երկրների տնտեսություններին, սակայն այդ երկրների վարկային պրոֆիլի վրա դրա ազդեցությունը զգալիորեն տարբերվում է: Հայաստանի և Ուկրաինայի վրա այդ ազդեցությունը ավելի ուղղակի բնույթ է կրում, մինչդեռ` Ղազախստանի և Ադրբեջանի դեպքում դրա հետևանքները բազմապատկվել են նավթի գների անկման ազդեցությամբ»:
Ուկրաինայի պարագայում Fitch-ը մատնանշում է Ռուսաստանի հետ այդ երկրի ունեցած ավանդական տնտեսական կապերի փլուզման հետևանքով արձանագրված կտրուկ տնտեսական անկումը:
Վրաստանը, ըստ վարկանիշային կազմակերպության, ավելի պակաս խոցելի է, սակայն, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու վերանայել 2015-2016թթ. իր ՀՆԱ աճի կանխատեսումները:
Fitch-ը դրական է գնահատում այն փաստը, որ Հայաստանը և Վրաստանը լողացող փոխարժեքի քաղաքականություն են որդեգրել, ինչը, վարկանիշային կազմակերպության գնահատմամբ, մեղմացնում է տնտեսությանը հասցվող հարվածները և խնայում է այդ երկրների արտարժութային պահուստները: