Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ իրենց երեխաների հետ ցույցի էին եկել Երևան՝ Կառավարության շենքի մոտ՝ պահանջով բնակարան տրամադրել իրենց քանդվող հանրակացարանների փոխարեն։
Վթարային երեք հանրակացարաններում ապրող մարդիկ ասում էին՝ երեկ ուժեղ քամին պոկել է շենքերից մեկի տանիքի մի մասը։ Լենուղու բնակչուհի Մարիամ Կարապետյանի խոսքով, արդեն 25 տարի է ապրում են առանց լույսի ու ջրի, շենքն էլ փլուզվում է։
«32 թվի կառուցված շենք է։ 88 թվից էլ բերեցին վրաններ բաժանեցին, ասեցին 10 մետր շենքից հեռու պետք է բնակվեք՝ վրանների տակ, և 88-ից մինչև հիմա անընդհատ բողոքում ենք, ոչ մի արդյունք չկա. խափում են, ճամփու են դնում», - ասաց Կարապետյանը։
Ցուցարարների փոխանցմամբ, Արմավիրի մարզպետարանից նրանց անցած տարի խոստացել էին, որ հարցը կլուծեն փուլային տարբերակով և առաջին շենքի բնակիչներին գումար կփոխանցեն, սակայն, ըստ բնակիչների, մինչ օրս խոստումը չեն կատարել։
«Մեզ անցած տարի փող պիտի տային՝ մի շենքի 8 բնակչի, հետո ասին՝ «էդ փողն եկել է, ցրտահարություն է եղել, էդ փողը գնացել է ցրտահարության»։ Շնքի փողը ո՞նց է գնում ցրտահարության, ասեք իմանամ։ Խաղեր են էնում», - դժգոհեց ցուցարարներից մեկը։
Կառավարության մոտ հավաքվածները պատասխան էին ակնկալում, հակառակ դեպքում սպառնում էին քարերով ջարդել Կառավարության աշխատողների՝ բակում կայանված մեքենաները։
Զայրացած բնակիչները, նույնիսկ, երկու անգամ փորձեցին ներխուժել Կառավարության շենք, սակայն ոստիկանները, պատ կազմելով, թույլ չտվեցին։ Նրանք հեռացան՝ նշելով, որ եթե հարցը շուտափույթ լուծում չստանա, վերադառնալու են՝ երեխաների հետ գիշերելու Կառավարության շենքի մոտ։