Ցույց Կառավարության շենքի մոտ. հանրակացարանի բնակիչները բնակպայմանների բարելավում են պահանջում

Կառավարության շենքը Երևանում, արխիվ

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մոտ 30-40 բնակիչներ իրենց երեխաների հետ այժմ Կառավարության շենքի մոտ են՝ պահանջով բարելավել իրենց բնակարանային պայմանները։

Նրանք ասացին, որ արդեն 25 տարի է բնակվում են գյուղի հանրակացարանի 4-րդ կարգի վթարային շենքում։ Զրկված են սանիտարական բոլոր պայմաններից, շենքը լի է առնետներով, երեկ ուժեղ քամին պոկել է շենքի տանիքի մի մասը, և «այդ պայմաններում այլևս ապրել հնարավոր չէ»։

Ցուցարարների փոխանցմամբ,1988 թվականի երկրաշարժից հետո պատկան մարմինները գնահատել էին շենքի վիճակն ու իրենց տեղափոխել վրաններ, սակայն ցրտին չդիմանալով՝ իրենք կրկին վերադարձել են շենք, ու մինչ օրս բնակարանային պայմանները չեն բարելավվել։

Զայրացած բնակիչները փորձեցին ներխուժել Կառավարության շենք, սակայն ոստիկանները, պատ կազմելով, թույլ չեն տվել։ Ցուցարարներն ասացին, որ 10-15 րոպեի ընթացքում արագ պատասխան են ակնկալում, հակառակ դեպքում խոստանում են քարերով ջարդել Կառավարության աշխատողների՝ բակում կայանված մեքենաները։

Ռուզան Գիշյան

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ: