Յաշինը խոստանում է հրապարակել Նեմցովի զեկույցը

Ռուսաստան - Բորիս Նեմցովը և Իլյա Յաշինը Մոսկվայում հակապատերազմական երթի ժամանակ, մարտ, 2014թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը խոստանում է հրապարակել Ուկրաինայի վերաբերյալ Բորիս Նեմցովի պատրաստած զեկույցը: "Путин и война"՝ «Պուտինը և պատերազմը» վերնագրի ներքո Նեմցովը պատրաստվում էր հրապարակել ապացույցներ Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի ներկայության վերաբերյալ:

Զեկույցի մասին լուրն առաջինը հաղորդել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ Նեմցովի սպանությունից րոպեներ անց տարածած իր հայտարարությամբ: «Մի քանի շաբաթ առաջ ես զրուցեցի նրա հետ, թե ինչպես կարելի է կառուցել Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերությունները այնպես, ինչպես մենք կցանկանայինք տեսնել դրանք: Բորիսը հայտարարեց, որ պետք է հրապարակի Ուկրաինայում ռուսական զինված ուժերի մասնակցության համոզիչ փաստաթղթեր: Ինչ-որ մեկը շատ է վախեցել դրանից: Բորիսը չի վախեցել, սակայն դահիճները վախեցել են: Նրանք սպանել են նրան», - ասել էր Պորոշենկոն:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին Մոսկվայի կենտրոնում գտնվող Բորիս Նեմցովի բնակարանում խուզարկում է իրականացվել. քննիչները առգրավել են բոլոր նյութերը, այդ թվում նաև նրա բիզնեսի և քաղաքական գործունեության հետ կապված փաստաթղթերը, որոնք կարող են նրանց օգնել բացահայտել սպանությունը: Այս տեղեկատվությունը մտահոգել էր Նեմցովի մերձավորներին, ովքեր մտավախություն ունեին, որ ռուս իրավապահների ձեռքը կարող էին անցնել նաև զեկույցի համար նախատեսված նյութերը:

Սակայն ավելի ուշ Նեմցովի մտերիմ ընկերն ու համախոհը՝ Իլյա Յաշինը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի լուսանկար, որում թղթեր են պատկերված, և այդ լուսանկարին կից գրել․ - «Փորձում ենք մեկտեղել նյութերը, որոնք Նեմցովը պատրաստել էր «Պուտինը և պատերազմը» զեկույցի համար: Մեզ հաջողվել է գտնել մի քանի փաստաթղթեր և ձայնագրություններ, որոնք Նեմցովի ձեռագրով են գրված: Շարունակում ենք այդ աշխատանքը և փորձում ենք ավարտին հասցնել»:

Այնուհետև բրիտանական The Times պարբերականի հետ զրույցում Յաշինը մանրամասնել է, որ այդ փաստաթղթում ապացույցներ կան Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ, Դոնբասում զոհված ռուսաստանցի զինծառայողների ծնողների ցուցմունքներ կան: Յաշինը հավելել է նաև, որ այդ ամենը պահվում է ապահով վայրում, և քաղաքական գործչի կողմնակիցները դրանց հիման վրա վերականգնելու են զեկույցը:

Նեմցովը, ով Պուտինի վարչակազմը քննադատող ամենաբարձր ձայնն էր համարվում, դատապարտում էր Կրեմլին հատկապես Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար: Իր վերջին հարցազրույցներից մեկում նա Պուտինի այդ քաղաքականությունը համարել էր խելագար:

«Ուկրաինայի պատերազմը շարունակվում է, ռուս զինվորներ կան այնտեղ, բայց Կրեմլը հերքում է դա և ձևացնում, որ ոչ մի կապ չունի Դոնեցկի տանկերի ու զորագնդերի հետ: Նույնը կարելի է ասել ֆաշիզմի համար: Դա գոյություն ունի Ռուսաստանում, բայց իշխանություններն ասում են, որ մենք պայքարում ենք Ուկրաինայի ֆաշիզմի դեմ: Եթե մենք չկանխենք այս խելագարությունը, ապա հետևանքները բոլորիս համար ավերիչ կլինեն», - ասել է Բորիս Նեմցովն իր վերջին հարցազրույցներից մեկում: