Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովն իր վերջին հանգրվանը գտավ Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Մինչ այդ Սախարովի անվան կենտրոնում կայացել էր նրա քաղաքացիական հոգեհանգիստը։ Հազարավոր ռուսներ էին եկել Նեմցովին հրաժեշտ տալու։
Ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովի խոսքով՝ Նեմցովի սպանությունը հսկայական կորուստ է Ռուսաստանի համար.- «Պետական մակարդակի հանցագործություն է սա։ Սա անփոխարինելի կորուստ է, նա իրական լիդեր էր և նրան հնարավոր չէ փոխարինել։ Բայց մենք շարունակելու ենք պայքարը ազատության համար»։
Հոգեհանգստին ներկա էին նաև Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես, փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, վարչապետ Մեդվեդևի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան, գյուղատնտեսության նախարարը, ԿԲ-ի նախկին ղեկավարը։ Ներկա էին նաև Նեմցովի նախկին թիմակիցները՝ «Ռուսական նանոտեխնոլոգիաների կորպորացիայի» ղեկավար Անատոլի Չուբայսը, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, նախկին պատգամավոր Իրինա Խակամադան։
Ներկա էին նաև Միացյալ Նահանգների և Եվրամիության երկրների դեսպանները։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ էր ուղարկել, մինչ այդ էլ ցավակցական հեռագիր էր հղել Նեմցովի հարազատներին։
Սախարովի կենտրոն էին եկել նաև Բորիս Ելցինի այրին՝ Նաինա Ելցինան և նրանց դուստրը՝ Տատյանա Յումաշովան։
Նեմցովի ընտանիքի անդամների կողքին կանգնած էին ընդդիմադիրներ, Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, Իյլա Յաշինը։ Անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնուն, ով այսօր համարվում է ռուսաստանյան ընդդիմության առաջնորդը, թույլ չեն տվել մասնակցել հուղարկավորությանը։ Նավալնին, ինչպես և Նեմցովը պայքարում է կոռուպցիայի դեմ։
Այսօր Նեմցովին հրաժեշտ տալու էին եկել նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, մասնավորապես, «Ալֆա» բանկի սեփականատեր Պյոտր Ավենը։
«Նեմցովի սպանությունը հնարավոր է դարձել, որովհետև այսօր Ռուսաստանում պարզապես ատելության մթնոլորտ է»,- ասաց Ավենը։
Ռուսաստանցի ամենահայտնի ընդդիմադիր գործիչ, ժամանակին ՌԴ փոխվարչապետ և առաջին նախագահ Բորիս Ելցինի ժառանգորդ համարվող սպանեցին փետրվարի 27-ին՝ ուշ երեկոյան, Կրեմլին հարող Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա, ուր ամենուրեք տեսախցիներ են։
Ընդդիմադիրները համոզված են, որ սպանության համար պատասխանատու են Ռուսաստանի իշխանությունները։ Նեմցովը Պուտինի ամենակոշտ քննադատներից էր և պատրաստվում էր հրապարակել զեկույց, որում կլինեին փաստեր Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի առկայության մասին։ Պաշտոնապես սպանության մի քանի վարկած կա։ Հիմնականներից մեկը ուկրաինական և չեչենական հետք ունի։ Նեմցովը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը իրավունք չունի խառնվելու Ուկրաինայի գործերին, և որ Մոսկվան պետք է վերադարձնի Ղրիմը։