Նեմցովը պայքարում էր «ոչ թե ընդդեմ Պուտինի, այլ հանուն Ռուսաստանի»

Your browser doesn’t support HTML5

«Նեմցովը այն գործիչն էր, որը պայքարում էր ոչ թե ընդդեմ Պուտինի ռեժիմի, այլ հանուն Ռուսաստանի: Եվ համարում էր Ռուսաստանի համար կործանարար ներկայիս քաղաքականությունը, այդ թվում նաև Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում», - ասաց ԱԱԾ-ի նախկին պետ Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով․ - «Նեմցովը այն կենտրոնն էր դարձել Ռուսաստանում, որի շուրջը համախմբվում էին ժողովրդավարական ուժերը: Ռուսաստանի իշխանությունները կրում են ողջ պատասխանատվությունը: Ավելին, Ռուսաստանի իշխանություններն են այսօր այդ սպանության թիվ մեկ կասկածյալը: Նենցովը իր վրա էր ստանձնել այն դերը, ինչը ուներ Սախարովը Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին: Եվ Նեմցովը ապագա Ռուսաստանում կլիներ առանցքային դերակատարներից մեկը»:

«Արդեն մի քանի տարի է, Ռուսաստանում վարվում է հատուկ քաղաքականություն և հատուկ քարոզչություն է տարվում ազատամտության դեմ․․․ Նեմցովը ժողովրդավարության, մարդու իրավունքների կրողներից մեկն էր: Նա դարձավ այդ քաղաքականության զոհը», - ասաց նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

«Ինչպես ցանկացած բանական մարդու համար, ինձ համար էլ սա ծանր լուր էր: Բայց եկավ հաստատելու այն, որ վտանգավոր է ամբողջատիրական հասարակարգը: Սա ևս մի լծակ կդառնա ապացուցելու, որ Ռուսաստանում այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում ժողովրդավարական պատկերացումների, ժողովրդավարական իրավիճակի զարգացման համար: Ցավոք սրտի, իհարկե, Նեմցովի մահը անհետևանք չի մնա: Բայց չարժեր, որ Նեմցովը իր մահով նպաստեր իր գաղափարների առաջընթացին», - նշեց Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Իշխանամետ վերնախավում տագնապ կառաջանա: Թվում է, թե նրանք պետք է գոհ լինեին այդ սպանության արդյունքով: Բայց ես կարծում եմ, որ հենց վերնախավի մոտ տագնապ կարող է առաջանալ, որովհետև ոչ ոք չգիտի, թե որտեղ կանգ կառնի տեռորը», - նշեց Արշակյանը::

«Ռուսաստանի իշխանությունները ահավոր վախեցած են, և այս սպանության քաղաքական հետևանքները շատ ավելի խորն են լինելու, քանի Պուտինը կարող էր սպասել: Անկասկած, շատ մոտ ապագայում հանգեցնելու է Ռուսաստանում բավական կտրուկ քաղաքական փոփոխությունների: Իշխանափոխություն, և Պուտինի ռեժիմը դատապարտված է: Եվ Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ փոփոխություններին, մենք պետք է պատրաստ լինենք ռազմավարական հարաբերություններ կառուցելու վաղվա Ռուսաստանի հետ: Եվ այդ վաղը իսկապես վաղն է, շատ հեռու չէ», - համոզմունք հայտնեց Դավիթ Շահնազարյանը: