«Բարգավաճ Հայաստանը» լքեց ևս մեկ պատգամավոր

Your browser doesn’t support HTML5

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր լքեց ևս մեկ պատգամավոր՝ Ռուստամ Գասպարյանը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը։

2-3 օր առաջ Զոհրաբյանին հանդիպած Գասպարյանը լռել էր իր ծրագրերի մասին։ Ավելի վաղ, երբ Գագիկ Ծառուկյանը դեռ հայտարարում էր իշխանափոխության մասին, Aravot.am-ի հետ զրույցում Գասպարյանն ասել էր.- «Ժողովուրդը պետք է հեռացնի Սերժ Սարգսյանին, ուրիշ ելք չկա»։

Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած կոշտ գնահատականներից հետո ԲՀԿ-ից և համանուն խմբակցությունից արդեն յոթ պատգամավոր է հեռացել։ Երկու օրից ԲՀԿ-ն արտահերթ համագումար կանցկացնի։ Նաիրա Զոհրաբյանը չհաստատեց՝ կուսակցության ղեկավարի փոփոխության հարց օրակարգում կա, թե՝ ոչ, բայց չհերքեց էլ տարածված տեղեկությունները։

«Կարծում եմ, շատ հարգարժան գործընկերների համար պարզ պիտի լինի, որ ստեղծված իրավիճակից հետո մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք քննարկելու։ Համագումարը կլինի փակ, բայց համագումարից հետո ես և իմ քանի գործընկերն դուրս կգանք և կպատասխանենք լրագրողների այն հարցերին, որոնց տվյալ պահին պատրաստ կլինենք պատասխանելու կամ կունենանք պատասխանը»,- ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ-ն առաջինը լքած Արագած Ախոյանն իր որոշման համար չի փոշմանել, ասաց՝ բազմիցս է զգուշացրել, եթե վեկտոր փոխվի, չի կարող լինել այդ կուսակցության մեջ։ Ախոյանն իրեն արտաքին քաղաքական հարցերով զբաղված մարդ է համարում, ուստի կայունության կողմնակից է։ Դժվար պահերին կուսակցությունը լքողներին գիտի ինչ են ասում։

«Առնետավազք... ես ասում եմ առնետահարցեր, դրա համար եկեք դրան չանդրադառնանք»,- ասաց Ախոյանը։

Իսկ երբ Ծառուկյանը չզբաղվի քաղաքականությամբ, Ախոյանը պատրաստ է նրա հետ ընկերություն էլ անել.- «Հա ի՞նչ է եղել, մարդը չի զբաղվելու քաղաքականությամբ, հայտարարություն է եղել, մենք էլ ընկերություն կանենք, ոչ մի տարբերություն»։

Ծառուկյանի մասին հարցերը դուր չեն գալիսայլևս նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանին։ Հարցը հնչեցրած «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին պատգամավորն այսօր նույնիսկ սպառնաց.- «Լսի, այ տղա, ասում եմ քեզ՝ չի կարելի, հարց ես տալիս, արա՛»։

Արմավիրցի Արայիկ Աղաբաբյանը չի լքելու ԲՀԿ-ն, ասաց՝ դավաճանել չի կարող։ Ավելի բարդ ու դժվար ժամանակներ էլ է տեսել։

«Շահեր հետապնդող մարդկանց համար, եթե կառույցից ունեն ակնկալիքներ, այսօր լավ է, վաղը վատ է, իմ դեպքում նույնն է, բան չի փոխվել»,- ասաց Աղաբաբյանը։

Հանրապետական Համլետ Հարությունյանը չի թաքցնում՝ իշխանությունների մատը խառն է ԲՀԿ-ի հետ կատարվածում։

«Ի՞նչ արեց Հանրապետականը օրենքից դուրս, ի՞նչ արեց... ներքին քաղաքական գործընթացներ են, և այդ գործընթացներով էլ առաջնորդվեցինք»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։

Հարությունյանը մինչև մարտի 5-ն էլ գիտի՝ ինչ կորոշի ԲՀԿ-ն՝ համագումար կլինի, նոր ղեկավար կընտրեն, մարտավարությունը չեն փոխի.- «Իրենք այլընտրանք են ասում»։

Հանրապետական պատգամավորը ԲՀԿ-ին չի նախանձում, Ծառուկյանին հավասար երկրորդը չունեն, որ դառնա կուսակցության լիդեր։

«Եթե ընդունենք Սերժ Սարգսյանը մեր լիդերը չլինի, դժվարությամբ կլինի հաջորդի ընտրությունը։ Մեր բախտը բերել է, որ հանրապետության նախագահը նաև մեր կուսակցության ղեկավարն է»,- ասաց Հարությունյանը։