Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դատի է տվել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով վերացնել նրա անգործությունը։
Դեռևս հունվարի 29-ին պատգամավորըհաղորդում էր ներկայացրել դատախազություն հանցագործության մասին, 10-օրյա ժամկետում չստանալով որևէ պատասխան դիմել էր դատարան։ Այսօր դատական նիստին դատախազության ներկայացուցիչ, դատախազ Գևորգ Գևորգյանը մի շարք փաստաթղթեր ներկայացրեց՝ ապացուցելու, որ Փոստանջյանին պատասխանել են, այն էլ՝ օրենքով սահմանված ժամկետներում
«Մենք ուղարկել ենք Քննչական կոմիտե, այնտեղից պատասխանել են ինչպես դատախզությանը, այնպես էլ տիկին Փոստանջյանին»,- ասաց Գևորգյանը։
Փոստանջյանը մինչդեռ պնդում է, որ օրինական ժամկետներում իրավապահ մարմիններից որևէ պատասխան չի ստացել։
«Այն պատասխանը, որ տրամադրվել էր, ժամկետները անցած էին, մենք արդեն դիմել ենք դատարան, նրանք հավանաբար արդեն դատարանից ծանուցում ստանալուց հետո են որոշել պատասխան տրամադրել։ Ակնհայտ էր, որ 20-ից հետո են պատասխանել, հետևաբար անգործությունը միանշանակ դատախազի կողմից թույլ է տրվել»,- պնդեց ընդդիմադիր պատգամավորը։
Ընդ որում, անգամ խախտված ժամկետներով տրված պատասխանում պատգամավորը չի ստացել իր բարձրացրած հարցերի պատասխանները։
Փոստանջյանը հանցագործության մասին իր հաղորդման մեջ պնդում էր, թե միջազգային պայմանագրի համաձայն, ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարող Վալերի Պերմյակովին պետք է հանձնեին հայկական կողմին։ Հայաստանի իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին, ոչ մի տեղեկություն չստանալով սահմանախախտի մասին, պարտավոր էին իրե՛նք պահանջել։
Փոստանջյանը պնդում է, որ փաստորեն Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարած և սպանությունների մեջ կասկածվող Պերմյակովին ապօրինի են հանձնել 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին: Իսկ հայ իրավապահները ոչինչ չեն արել տեղի ունեցածը կանխելու համար, անգործություն են ցուցաբերել։
«Ակնհայտ է այս գրություններերից, որ ապօրինի սահմանը հատելու փորձ կատարելու փաստ առթիվ հարուցված քրեական գործ չկա այս պահի դրությամբ և Պերմյակովին ապօրինի ձերբակալության, ապօրինի տեղափոխման և այս պահին էլ 102-րդ ռազմաբազայում նրան ապօրինի պահելու վերաբերյալ նույնպես հարուցված քրեական գործ չկա, պատասխանատվության կանչված անձինք չկան»,- ասաց Փոստանջյանը։
Ավետիսյանների սպանդի քննության գործում իրավապահների անգործություն է արձանագրում նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով Ավետիսյանների իրավահաջորդներից մեկի ներկայացուցիչն է։
«Նախաքննական մարմնի կողմից ամենաառաջին գործողությունը պետք է լիներ խափանման միջոցի ընտրության հարցը»,- ասաց իրավապաշտպանը։
Հայ իրավապահները մինչև օրս Պերմյակովի հանդեպ չեն ընտրել խափանման միջոց, ասում է Սաքունցը, ինչը, ըստ նրա, նման ծանր հանցագործության դեպքում անընդունելի է։ Որևէ իրավական հիմք ի խոչընդոտում ռուսական կողմին հենց հիմաՊերմյակովին հեռացնել Հայստանի տարածքից, ասում է իրավապաշտպանը։
Սաքունցը՝ որպես Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, արդեն միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի վերջապես հայկական կողմն էլ Պերմյակովի համար ընտրի խափանման միջոց։ Նա դեռ սպասում է նախաքննական մարմնի պատասխանին։